«…բայց առայժմ հույս կա». Մհեր Ենոքյանի գործով

«Մենք դատավորներ չենք, մենք հասարակություն ենք, որ ցանկանում է արդար դատաքննություն: Մենք պետք է դառնանք հասարակություն, որտեղ մարդը և նրա կյանքը բարձրագույն արժեք են»,- ասվում է դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության` պետական մարմիններին ուղղված դիմումի մեջ:
Հունիսի 11-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսները դիմում են ՀՀ Վճռաբեկ դատարանին 16 տարի անց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում նոր ի երևան եկած հանգամանքների բացառիկ հիմքով 1996թ.-ի մահապատժի դատավճիռը բեկանելու որոշում կայացնել, իսկ վերջինիս կոչ են անում դադարեցնել հացաջրադուլը:
Ասուլիսի հենց սկզբում բանախոսներից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ միայն Ենոքյանի վերոնշյալ քայլն է ստիպել նախատեսված ժամանակից շուտ կազմակերպել ասուլիսը: Նա պատմեց, որ դատապարտյալի երկրորդ փախուստից հետո նրա հետ հանդիպմանը ինքը Մհերին խոսք է տվել. «Երբ ես համոզվեմ, որ բոլոր դռները փակված են, և այլևս հույս չկա քեզ ազատելու, ես կասեմ` այլևս չեմ կարող: Բայց առայժմ հույս կա»: Իշխանյանը փաստեց, որ խնդիրը միայն անձինը չէ, այլ ընդհանրապես` ՀՀ-ում դատական իշխանության անկատարության: Պարզաբանվեց, որ դատաքննությունից 16 տարի անց ի հայտ են եկել որոշ հանգամանքներ, և ըստ Մհեր Ենոքյանի փաստաբաններից մեկի, քննության ընթացքում իրեղեն ապացույցներ գրանցելու ժամանակ ներկա չեն եղել ենթադրյալ ընթերակաները: Ավելի ուշ, պրն. Իշխանյանն այն համոզմունքը հայտնեց, որ «կարծես մեր իշխանությունները չեն ուզում ընդհանրապես զբաղվել ցմահ դատապարտվածների գործով, դա փակված գործ է: Չկա ցմահ դատապարտման վերանայման ոչ մի նախադեպ»:
Արդեն շուրջ 1.5 տարի ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանն ասաց, որ նախաձեռնող խումբը` միացած շուրջ 200 մտավորականների, գիտնականների և փաստաբանների հետ դիմումների շքերթ են ուղղել թե’ ՀՀ նախագահին, թե’ ՀՀ Վճռաբեկ դատառանի նախագահին, և թե’ այլ պետկան մարմինների: Նկարչուհին նշեց, որ Մհերը, գտնվելով անգամ բանտում, կարողանում է օգտականր լինել հասարակությանը, մասնավորապես` նրա` համատեղ ջանքերով տպագրված գրքից ստացված ողջ հասույթը գնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Գրող Արծվի Բախչինյանը հավաստիացրեց, որ Մհերի գիրքը կարդացող յուրաքնաչյուր անձ կհասկանա, որ նրա հոգեբանությունը հեռու է հանցագործի հոգեբանություն կոչվելուց: Նա հավելեց, որ գործը նորից բացելու բարդությունն այն է, որ, ի տարբերություն այլ երկրների, մեր իրանությունում իրեղեն ապացույցները չեն պահպանվում:
Իսկ Զարուհի Մուրադյանն ավելացրեց, որ այժմ, մինչև 21 տարեկաններին ցմահ չդատապարտելու օրենսդրական փոփոխության առաջարկով, սպասում են, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահն իրենց ընդունի: Նախաձեռնող խմբի հաջորդ քայլը լինելու է ԱԺ-ում հանդիպումը:
Ասուլիսից հետո լրագրողների հետ խոսեց դատապարտյալի մայրը`Վարդուհի Օհանյանը, ով ևս մեկ անգամ հաստատեց դատաիրավական համակարգի բարձիթողիությունը` նշելով, որ իր որդու` նախկին Քրեական օրենսդրության համաձայն կայացված մահապատժի դատապարտումը մինչ օրս անգամ փոխված չէ ցմահ դատապարտման:

Հանրային թղթակից Անի Արևշատյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել