«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի

«ԱրՆի» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2003 թվականին ամերիկահայ փաստաբան Արամ Բաղդասարյանի և մեր զրուցակցի` Փաստաբանական դպրոցի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից: Հենց վերջիններիս անվան առաջին տառերով էլ կոչվում է փաստաբանական գրասենյակը՝ «ԱրՆի»:

 

Սկզբանական շրջանում գրասենյակը զբաղվել է էմիգրացիոն գործունեությամբ՝ ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնելով ԱՄՆ-ի էմիգրացիոն հանձնաժողովում: Այնուհետև գրասենյակի գործելաոճը փոխվել է:

 

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը «ԱրՆի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ Նիկոլայ Բաղդասարյանն է: Նա կպատմի գրասենյակի որդեգրած նոր քաղաքականության մասին:

 

-Պարոն Բաղդասարյան, պատմեք Ձեր իրավաբանական գրասենյակի և աշխատանքային թիմի մասին:

 

– Այժմ գրասենյակը զբաղվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սպասարկմամբ: Նախկինում աշխատել ենք բավական խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ, սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ մեր գրասենյակն ավելի լավ մասնագիտանում է միջին և փոքր բիզնեսում: Եվ հիմա միայն այդ ոլորտում ենք աշխատում: Համագործակցում ենք նաև այն բժշկական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են փոխնակ մայրությամբ: Ինչպես նաև զբաղվում ենք մաքսային վեճերով: Համագործակցում ենք Ռուսաստանում համապատասխան կառույցների հետ: Սակայն դեռևս մաքսային վեճերին վերաբերող գործ չունենք: Նշեմ նաև, որ մեր փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործն ընդդեմ Հայաստանի:

 

– Ոլորտում բավական շատ են իրավաբանական գրասենյակները, ինչպե՞ս եք Դուք փորձում տարբերվել:

 

-Մենք, բացի իրավաբանական ծառայություններից, նախատեսել ենք նաև մի ընթացակարգ, որով ցանկանում ենք կատարել փորձագիտական աշխատանքներ:

Առաջարկում ենք նոր փորձաքննության տեսակ, երբ համակարգչի միջոցով կարելի է կատարել ապրանքագիտական, ավտոտեխնիական և այլ բնույթի փորձաքննություններ: Այս քայլով ցանկանում ենք փորձաքննությունների կատարումը դուրս հանել ՀՀ սահմաններից: Հնարավոր է, որ տեղական փորձագիտական կազմակերպությունների հետ անձը վեճ ունենա կամ չվստահի: Այս պարագայում նա հնարավորություն կունենա նույն խնդանքով դիմել եվրոպական որևէ երկրի փորձագիտական հիմնարկի կամ փորձագետի և այնտեղ էլ կատարի փորձաքննություն, որը կճանաչվի ՀՀ-ում:

 

– Ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

 

-Նախ անհրաժեշտ է համապատասխան օրենքի ընդունում, որն ընդգրկված է դատաիրավական բարեփոխումների մեջ: Մասնավոր սեկտորը ևս պետք է հնարավարություն ունենա փորձագիտական եզրակացություններ կատարելու: Ինչպես նաև պետք է կնքվեն համապատասխան միջազգային հուշագրեր և պայմանագրեր: Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվել: Ունենք կնքված պայմանագրեր գերմանական կազմակերպությունների հետ: Մոտ ժամանակներս կգրանցվենք որպես փորձագիտական կենտրոն Սլովակիայում:

 

– Իրավունքի ո՞ր ոլորտում է մասնագիտացած Ձեր գրասենյակը:

 

-Մեր գրասենյակի աշխատակիցները մասնագիտացած են տարբեր ոլորտներում: Ես ինքս զբաղվում եմ քրեական գործերով: Մենք ունենք աշխատակիցներ և համագործակցող փաստաբաններ: Աշխատակիցները հիմնականում զբաղվում են կոորպորատիվ իրավունքով և դատարաններում հանդես չեն գալիս, իսկ համագործակցող փաստաբանները դատարաններում հանդես են գալիս քաղաքացիական և քրեական գործերով, ինչպես նաև աշխատանքային վեճերով: Համագործակցում ենք նաև մի շարք արտասահմանյան փաստաբանական գրասենյակների հետ, հատկապես ԱՄՆ-ում: Ներկայումս բազմաթիվ համագործակցություններ ունենք նաև ռուսաստանյան փաստաբանական գրասենյակների և անհատ փաստաբանների հետ:

 

-Ովքե՞ր են հիմնականում Ձեր վստահորդները:

 

Մենք հիմնականում սպասարկում ենք իրավաբանական անձանց, բայց կան նաև ֆիզիկական անձիք, որոնց սպասարկում ենք: Ֆիզիկական անձանց հետ շատ դժվար է աշխատել, քանի որ նրանց իրավագիտակցությունը հիմնականում բավական ցածր է: Նրանք կարծում են, թե փաստաբանին տրված գումարը, ոչ թե նրա աշխատանքի համար է, այլ որպես կաշառք: Որպեսզի այդ գումարով դատարանում որևէ հարց լուծվի: Այսինքն՝ փաստաբանին դիտարկում են որպես միջնորդ:

 

-Ունեք նաև բիզնես-փաստաբան և անձնական-փաստաբան: Մանրամասնեք այդ ծառայությունները:

 

-Անձնական փաստաբանի առավելությունն այն է, որ նա տեղյակ է հաճախորդի բոլոր խնդիրներից: Այս ծառայությունը նախատեսված է ֆիզիկական սուբյեկտների համար: Երբ այս նախագիծը նոր էր, մենք ունեինք շուրջ 100 վստահորդ, որոնք բոլորն էլ արտասահմանից էին:

 

Բիզնես փաստաբանի ծառայությունը շատ ավելի շահավետ է, քանի որ կան անհատական տնտեսվարող սուբյեկտեր, ովքեր ցանկանում են իրավաբան ունենալ, բայց չունեն համապատասխան գումար հաստիքով փաստաբան պահելու համար: Այս դեպքում, համագործակցելով մեզ հետ, նույն իրավաբանական ծառայությունները մատուցում է մեր փաստաբանը կրկնակի էժան: Այսինքն՝ փաստաբանը սպասարկում է իրավաբանական անձանց, բայց նրանց աշխատակիցը չէ:

 

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են փաստաբանության զարգացման հեռանկարները ՀՀ-ում:

 

-Փաստաբանական գրասենյակների զարգացումը շատ կարևոր է մեր պետության համար: Որպեսզի մրցակցություն ստեղծվի դատարաններում, պետք է մրցող կողմը լինի ոչ թե Դատախազություն և Փաստաբանների պալատ, այլ դատախազ և փաստբանական գրասենյակ: Մեզ մոտ օրենսդրական դաշտը դեռևս պատրաստ չէ առողջ փաստաբանական գրասենյակների ձևավորմանը: Օրենսդրությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին բացել փաստաբանական գրասենյակ և համագործակցել մի քանի փաստաբանների հետ: Սա բավական մեծ թերություն է փաստաբանական դպրոցի զարգացման համար: Հարկավոր է պարտադիր պահանջներ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար, որոնք եթե չհաստատվեն, ապա փաստաբանական գործունեության զարգացումը դժվար տեսանելի կլինի:

 

Առաջարկում ենք կարդալ նաև շարքի մյուս հարցազրույցները` «ԼեգալԼաբ», «ԱԳՐԻՄԵՆԹ», «Արմադել Քոնսալթինգ», «Զոհրաբյան և գործընկերներ»  իրավաբանական (փաստաբանական) ընկերությունների մասին:

 

 

Արև Ավագյան

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել