Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայ զինվորի գործով գյուղի պահապանները ցուցմունք են տվել

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին գործով հերթական դատական նիստին վկայություն են տվել գյուղի պահապանները եւ Սեւակին հիվանդանոց տեղափոխած մեքենայի վարորդը։
Սեւակի ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմը նշել է, թե գյուղի պահապանների վկայությունները շատ կարեւոր են, քանի որ դրանցում իրարամերժ հայտարարություններ կան։
Թուրքական «Posta»-ի փոխանցմամբ՝ դատարանի պահանջով ներկայացած գյուղի պահապանները մոտ 3 ժամ ցուցմունք են տվել: Նրանք պատմել են Սեւակի սպանության օրը տեղի ունեցածի մասին` նշելով, որ այդ ժամանակ միայն Քըվանչ Աղաօղլուի ձեռքին է զենք եղել։
«Մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող հերթապահ բաժնում թեյ էինք խմում, երբ լսեցինք կրակոցի ձայն։ Նայեցինք զինվորների կողմը՝ տեսանք, որ Սեւակն ընկած է գետին, իսկ նրանից 3 մետր հեռու՝ Քըվանչն է։ Սեւակին մեքենայով տեղափոխեցինք հիվանդանոց, սակայն նա մինչ հիվանդանոց հասնելը մահացավ»,-ասել են գյուղի պահապաններից շատերը։
Հիշեցնենք, որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։
2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված հայտարարել էին, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ` «պատահաբար արձակված կրակոցից»։ Սեւակի ծնողները պնդում են` իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա հայ լինելու համար։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել