Դինքի սպանության գործն ուղարկվել է վճռաբեկ դատարան

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի որոշումն ուղարկվել է վճռաբեկ դատարան։
«Fırat» գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով Վճռաբեկ դատարան ուղարկված փաստաթղթերը կազմել են 77 փաթեթից, որոնք տեղադրված են եղել 8 պարկի մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատավճիռը բողոքարկելու է։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել