Գողություն` «Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ ԵՊՀ-ի «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից. Գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի ազգային գրադարան»-ից և «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել թվով 7 անձանց:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամաբ` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու եւ մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:
2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը եւ Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:
Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արվեստի գրականության բաժնի վարիչ Հ. Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաեւ հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական եւ աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի եւ Վ. Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու եւ այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի եւ հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ. Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն եւ Կ. Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա. Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ. Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը:
Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը եւ Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Ազարիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Ե. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Հ. Դուրգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Կ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Վ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Դ. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Ա. Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ոմն Վ. Տրուբիցինի եւ մյուս անհայտ անձանց վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել