Էթիկա. Ինչպե՞ս կատարել օծանելիքի ճիշտ ընտրություն

Օծանելիքի ընտրությունը պետք է կատարել նրբանկատորեն, քանի որ այն շատ բան կարող է պատմել մարդու մասին:

Բուրմունքների ընտրությունն անմիջականորեն կապված է մարդու բնավորության հետ: Հանգիստ բնավորության տեր մարդկանց դուր են գալիս թափանցիկ, թեթև բուրմունքները, անմիջական, շփվող մարդկանց հաճելի է ծաղիկների, կանաչների թարմ բուրմունքը, կրքոտները նախընտրում են արևելյան համեմունքների, էկզոտիկ ծաղիկների հոտերը: Օծանելիքն ընտրում են՝ այն հարմարեցնելով արտաքինին ու խառնվածքին. այսպես, սպիտակամաշկ, նիհարիկ կնոջը սազում է թեթև ու նուրբ հոտով օծանելիք, մուգ մաշկ ունեցող ու կրքոտ կնոջը հարմար են ուժեղ և սուր, մարզական տեսքով կնոջը՝ թարմացնող բույրով օծանելիքները:

Սակայն պետք է նշենք, որ օծանելիքը շատ անձնական իր է և ցանկալի չէ տարեդարձի կամ այլ առիթների ժամանակ օծանելիք նվիրել: Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեզ օծանելիք են նվիրել, կարող եք եզրակացություն անել, թե որ տիպի մարդկանց են ձեզ դասում:

Օծանելիքը պետք է օգտագործել չափավոր. այնպես, որ նրա բույրը հպանցիկ հասնի շրջապատի մարդկանց: Էթիկայի նորմերի խախտում է օծանելիքի չարաշահումը, այն էլ աշխատավայրում: Խորհուրդ չի տրվում օծանելիք օգտագործել մարզասրահ, պարասարահ կամ սպորտային նմանատիպ այլ վայրեր այցելելուց առաջ:

Յուրաքանչյուր մարդ մարմնի ինքնատիպ հոտ ունի, և օծանելիքի բույրը պետք է համապատասխանի դրան: Օծանելիք գնելիս պետք է մի փոքր կաթեցնել ձեռքին, շփել ու թողնել, որ ցնդի, ապա միայն բույրը զգալ: Սխալ ընտրված օծանելիքը կարող է գլխացավ կամ այլ տհաճ զգացողություններ առաջացնել:

Գործարար կանանց խորհուրդ է տրվում օգտագործել ֆրանսիական հանրահայտ ֆիրմաների օծանելիքներ: Դրանք ավելի հմայիչ են դարձնում կնոջը: Տղամարդու համար նախընտրելի է ոչ ծաղկային բույրը, որը պետք է զգացվի միայն մոտ տարածությունից:

Օծանելիքի ընտրության ժամանակ պետք է իմանալ հետևյալը.

Իսկական օծանելիքը պետք է 95% բաղկացած լինի բնական բաղադրիչներից: Դրանց 1 կիլոգրամի արժեքը կարող է գերազանցել 6 հազար դոլարը: Այդպիսի օծանելիքի հոտը կարող է բարձրացնել տրամադրությունը և դրական ազդել առողջության վրա:

Լավ օծանելիքի գույնը լինում է նուրբ վարդագույն, նուրբ երկնագույն, բաց դեղին: Գույն ստանալու համար օծանելիք պատրաստողները օգտագործում են հատուկ ներկված սրվակներ: Կեղծ օծանելիքները սովորաբար ունենում են վառ գույն:
Օծանելիքը «ծերանում» է: Օծանելիքը իր հոտը չի փոխում ամենաշատը երեք տարվա ընթացքում: Հետո հեղուկը թանձրանում է, հոտը՝ ցնդում: Հնացած օծանելիքը կարող է մաշկը այրել:

Լավ օծանելիքի տուփը միշտ պատրաստված է լինում որակյալ թղթից կամ ստվարաթղթից: Ինքը, սրվակը տեղադրում են կաշվե տոպրակի մեջ կամ փաթաթում են կտորով:

Oծանելիքից ճիշտ օգտվելը մարդու դաստիարակված ու կիրթ լինելու չափանիշ է:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել