Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին: Հնչել են կոռուպցիային վերաբերող 2 հարց:

Հարց – Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մենք ընտրել ենք մի շատ պարզ ռազմավարություն: Մենք պետք է թիրախավորենք այն կարևոր նպատակները, որոնք հաջողություն կբերեն կոռուպցիայի դեմ պայքարում: Միջոցառումները պետք է լինեն ոչ այնքան շատ, սակայն արդյունավետ: Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերևից: Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց և եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի քաղաքական կամքի շնորհիվ մենք մեծ դժվարությամբ այս օրենքն ընդունեցինք Ազգային Ժողովում: Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը: Այսօր կառավարության բոլոր անդամները, 131 պատգամավորները, դատավորները և դատախազները հրապարակային կերպով ներկայացրել են իրենց եկամուտների և ակտիվների վերաբերյալ հայտարարգրերը: Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է արձագանքել բոլոր դեպքերին, երբ հանրությունը տեսնի, որ հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը: Հատկանշական է, որ այդ 500 պաշտոնատար անձանց տվյալների բազան օն-լայն` առնցանց կերպով հասանելի է լինելու հանրությանը: Սրանով մենք առաջին անգամ զսպաշապիկ ենք հագցնում պաշտոնատար անձանց վրա: Իմ համոզմունքով` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձևը հրապարակայնության ապահովումն է:
Սա օրինակներից մեկն էր, թե ինչու մենք պետք է հաջողության հասնենք: Մեր խոսքը և գործը պետք է համընկնեն և ես համոզված եմ, որ այս տարի լուրջ դեբատներ են մեզ սպասվում այս 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ:
Բացի այդ, մենք թափանցիկ ենք դարձրել խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները և քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու, թե որ ձեռանարկությունը որքան հարկ է վճարում: Եթե այս կամ այն օլիգարխի հարկը նվազում է, դա դառնում է հանրության լուրջ քննարկման առարկան;
Առաջին անգամ օրենքով պարտադրել ենք, որպեսզի խոշոր ձեռնարկություններն իրենց հաշվետվությունները հանրությանը ներկայացնեն արտաքին աուդիտի պարտադիր եզրակացության հիման վրա: Սա հնարավորություն է տալիս հանրությանը վերահսկել ոչ միայն խոշոր ձեռնարկություններին, այլև պետությանը, արդյոք վերջինս խոշոր ընկերություններին բերում է հարկային դաշտ, թե ոչ: Այսօր մեր հանրությունը բացատրություններ է պահանջում գործարարներից, թե ինչի հաշվի են նրանք իրականացնում բարեգործություններ, եթե նրանց հարկերը շատ չեն:
Ընդ որում, Հայաստանում գործունեություն են ծավալում արտաքին աուդիտ իրականացնող 20 ընկերություններ, որոնցից 7-ը համարվում են աշխարհի խոշոր ընկերություններից:

Հարց – Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո ՞ւ այն չի կիրառվում նաև Հայաստանում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն և միգուցե ավելի ցավոտ:
Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր և աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել