Նորություններ

Նվեր Մնացականյանի եղբայրը՝ Ռուբեն Մնացականյանը, դատարանում իր մեղքը չընդունեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ կայացավ Էդուարդ Վարժապետյանին, Արթուր Աբրահամյանին, Ռուբեն Մնացականյանին, Կիմա Փիլոյանին առաջադրված մեղադրանքի քննությունը: 

Վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը և 38-314 հոդվածներով:

Նշենք, որ ամբաստանյալ Էդուարդ Վարժապետյանը՝  աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնում՝ 2007-2009թթ. նույն բաժնի աշխատակիցներ Արթուր Աբրահամյանի, Ռուբեն Մնացականյանի և Կիմա Փիլոյանի հետ, գալով նախնական համաձայնության, պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումար՝ 4 միլիոն 337 հազար 835 դրամ: Վերջիններս կատարել են նաև պաշտոնեական կեղծիք՝ յուրացնելով կենսաթոշակները, թաղման նպաստները և ժառանգության գումարները:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալներին հարց տրվեց, թե արդյո՞ք ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը: Էդուարդ Վարժապետյանը ամբողջովին ընդունեց իր մեղքը, Արթուր Աբրահամյանն ընդունեց մասնակի, Կիմա Փիլոյանը հարցի շուրջ որևէ դիրքորոշում չհայտնեց, իսկ Ռուբեն Մնացականյանը իրեն մեղավոր չճանաչեց:

Նիստի ընթացքում հարցաքննվեցին նաև գործով վկաներ:

Վկա` Անահիտ Բարսեղյանը պարզաբանեց, որ մի անգամ է ստացել հոր մահվան նպաստը, մինչդեռ քննիչը գնացել էր վերջինիս բնակարան և ասել, որ նույն գումարը երկու անգամ է ստացել: 

Վկա Ֆրանս Շուխյանն էլ տեղեկացրեց, որ քննիչի վստահեցմամբ և ձեռք բերված ապացույցներով, ինքը կուտակված կենսաթոշակ է ստացել կրկնակի անգամ:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 12:00-ին:

 Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել