«Ի˚նչ օձի բնից ելած մարդ պիտի լիներ, որ նման բան աներ». Վարդան Ղուկասյան

Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստին ներկայացավ Գյումրու նախկին քաղաքապետ, գործով վկա Վարդան Ղուկասյանը: Դատարանում տիրում էր լարված մթնոլորտ: Վկան ներկայացավ «մեծ թիկնազորով»: Դատարան մտնելուն պես՝ սկսեց կարգադրություններ անել, որ նախ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին դահլիճից դուրս հանեն, ապա նաև ավելացրեց, որ դահլիճից դուրս գան բոլոր լրագրողները: Լրագրողները նախագահող դատավոր Մ. Սարոյանին ասացին, որ դատական նիստը անցկացվում է դռնբաց, և լրագրողները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարող են մասնակցել դատական նիստի քննությանը, այնուամենայնիվ, դատավորը կարգադրիչների միջամտությամբ դուրս հրավիրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Պաշտպանական կողմի անհանդուրժողականության արդյունքում 10 րոպե անց բոլոր լրագրողներին դահլիճ հրավիրեցին: Դատավորի այն հարցին, թե կարող են տեսաձայնագրել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ թող նկարեն, մեկ էլ հետո ինչ ուզեն, գրելու են:

Վկան հարցաքննության ընթացքում նշեց, որ դատարանում ասել է այն, ինչ նախնական ցուցմունքում գրել է: Մեղադրող կողմի այն հարցին, թե ամբաստանյալ Հարություն Սարգսյանին ճանաչում է, նախկին քաղաքապետը պատասխանեց, որ չի ճանաչում, իսկ նրա հորը` Սամվել Սարգսյանին, տեսել է մեկ անգամ քաղաքապետարանում. «Եկել էր քաղաքապետարան աղջկաս հարցերով, որին ես վռնդել եմ: Էդ հո միայն ես չգիտեմ, 30-40 հոգի մարդ կային, որ պետք լինի որպես վկա կգան: Հիմա ինչ կա իմ հետ, որ ամբողջ Հայաստանով մեկ աղմուկ են սարքել, թե Վարդան Ղուկասյանը չի ներկայացել դատարան»:

Հարցին, թե Կարեն Եսայանի սպանության վերաբերյալ ինչ է իրեն հայտնի, Վ. Ղուկասյանը պատասխանեց, որ զարմանք են ապրել դեպքի մասին իմանալով. «Ի˚նչ օձի բնից ելած մարդ պիտի լիներ, որ նման բան աներ, միայն հոլանդական կինոներում կարող ենք տեսնել թե ինչ դաժանությամբ են իրար սպանում: Իմ աղջիկներին 100 հոգի ուզել են, ի˚նչ է 100-ին էլ սպանե˚լ են, հետո ընդհանրապես աղջիկն է ուզում կամ չի ուզում»:

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալի մոր` Անահիտ Նիկոլյանի սենսացիոն հայտարարությանը, նշեց, որ վերջինս իր խոսքերի համար պատասխան է տալու. «Մեր տանը վիճաբանություններ չի կարող լինել, մերը լուրջ տուն է, եթե աղջիկը համաձայն է, հայրն ու մայրը դեմ չեն, եղբայրը չի կարող դեմ լինել»:

Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցադրումներին նախկին քաղաքապետը հրաժարվեց պատասխանել: Նա նշեց, որ իր աղջիկը` Մանյա Ղուկասյանը, չի ճանաչել ամբաստանյալին և չի հանդիպել նրա հետ:

Ապա վկան, պատճառաբանելով, որ առողջական վիճակը բավարար չի՝ հարցաքննոթյունը չավարտված մեծ աղմուկով դուրս եկավ դահլիճից: Նրան հետևեցին դահլիճում գտնվողների մոտ 80 տոկոսը:

10 րոպե դատական նիստը հետաձգվելուց հետո, փաստաբան Լ. Սահակյանը հայտարարություն արեց, որ անկեղծ վիրավորված է զգում պաշտպանական կողմ հանդիսանալով, դատարանը չի կարողանում պաշտպանել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական նիստի կարգ ու կանոնը, չի կիրառում սանկցիա, իսկ վկայի հարցաքննությունը մեկնաբանեց որպես ոչ սովորական վկա. «Վկան իրեն զգում էր որպես իր տանը»:

Պաշտպանական կողմը միջնորդեց Վարդան Ղուկասյանին կրկին դատարան հրավիրել հարցաքննության. շատ հարցեր կան, որոնք նախաքննության ժամանակ պատասխան չեն ստացել: Միջնորդությունը բավարարվեց: Կողմերը դահլիճը լքեցին փոխադարձ վիրավորանքներով:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 23-ը:

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել