Առանց ավելնորդ գումար ծախսելու, քաղաքացին ստացավ սեփականության իրավունքի գրանցման վկայականը

10.02.2010թ. Տավուշի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Ե.Մուրադյանը, հայտնելով, որ 1990թ. ամուսինը գնել է հողատարածք, որի նկատմամբ մինչև այսօր չունի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Այսպես. 2007թ.-ին Ե. Մուրադյանի ամուսինը մահացել է, իսկ վերը նշված հողատարածքի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար բացակայում են օրենքով պահանջվող փաստաթղթեր: Նույն թվականին Ե.Մուրադյանը դիմել է դատարան` հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել նշված հողատարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով հողատարածքի նկատմամբ ճանաչել Եպրաքսյա Մուրադյանի սեփականության իրավունքը: Սակայն, երբ քաղաքացին դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանում` պետական գրանցում կատարելու համար, կադաստրում նրանից պահանջել են վճարել հողամասի շուկայական արժեքը, որը կազմում է` 640.000 դրամ, որից հետո միայն կկատարեն սեփականության իրավունքի պետական գրանցում: Քաղաքացին գտնվելով հոգեպես ճնշված վիճակում, դիմում է Տավուշի ՇՊԱԿ և ներկայացնելով իր խնդիրը, փորձում է հասկանալ, թե ինչու պետք է վճարի այդքան գումար, երբ ինքն ունի օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը: ՇՊԱԿ-ի իրավաբանների կողմից մանրամասն ուսումնասիրվեցին գործի բոլոր հանգամանքները, ոլորտը կարգավորող իրավական ակտերը, քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը, որից հետո քաղաքացուն պարզաբանվեցին, թե յուրաքանչյուր կոնկրետ փուլում որքան գումար պետք է վճարվի և ինչպիսի իրավունքներով են օժտված քաղաքացիները նմանօրինական իրավահարաբերություններում: Շահառուին «զինելով» անհրաժեշտ իրավական գիտելիքներով, խորհուրդ տրվեց մեկ անգամ ևս դիմել պետական կադաստրին: Թե որքանով էր կարողացել կադաստրում իր ստացած գիտելիքները կիրառել Ե. Մուրադյանը, հայտնի դարձավ մի քանի օր անց նրա կատարած հեռախոսազանգից: Ե.Մուրադյանը ուրախությամբ ՇՊԱԿ-ին հայտնեց, որ պետական կատաստրը հանձն է առել գրանցել իր սեփականության իրավունքը, և որ ամենակարևորն է, առանց 640.000 դրամ գումար վճարելու:

Սեփական իրավունքների պաշտպանության առաջին գրավականը, այդ իրավունքները իմանալն է: Տավուշի ՇՊԱԿ-ի օգնությամբ և շահառուի վճռականության ու համառության շնորհիվ քաղաքացի Ե.Մուրադյանը խուսափեց անհարկի մեծ գումարներ վճարելուց:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել