Նորություններ

Ներքին զբոսաշրջության խնդիրները

Արդեն երկու օր է, ինչ ամառը դարձել է եղանակի օրինական տնօրինողը: Տարվա եղանակ` որին սպասում են աշխարհի բնակչության գրեթե մեծ մասը: Եվ հատկապես տարվա այս ամիսներին Հայաստանը կրկին բացում է իր հյուընկալ դռները զբոսաշրջիկների համար: Դարերից եկած պատմական մեծ ժառանգություն, հարյուր հազարավոր հուշարձաններ, վանքեր, մշակութային կենտրոնններ, տաճարներ և խաչքարեր, բնության գեղատեսիլ վայրեր, որոնք ասես ցուցադրված են հսկայական թանգարանում` բաց երկնքի տակ: Եվ հենց այս արժեքներն են, որոնք համարվում են առաջինները աշխարհում և ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով: Ահա գրավականը մեր Հայաստանի, որը մեր երկիրը դարձնում է եզակի. երկիր, որտեղ զգոսաշրջությունը ժամանակին զուգընթաց ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն:

 

Կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ յուրաքանչյուրիս մոտ գալիս է մի պահ, երբ ծնվում է անասելի ցանկություն` դուրս գալ աշխատավայրից կամ տանից, փակել աչքերը և հայտնվել այնտեղ ուր ամբողջությամբ շրջապատված աննկարագրելի գեղեցկությամբ և կանաչով, ուր կարևոր չէ թե ինչ  է կատարվում շուրջդ. այնտեղ միայն դու ես և բնությունը:

 

Այս ամենն իհարկե շատ գեղեցիկ է, բայց արդյո՞ք հասանելի է բոլորին:

 

Իսկ ի՞նչ ենք հասկանում զբոսաշրջություն ասելով. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն»: Այսպիսով, եթե վերցնենք ներքին զբոսաշրջությունը, ապա այն մի գործունեություն է, որ հասանելի է ոչ բոլորին: 

 

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է հանդիսանում` պայմանների ստեղծումը` զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար: Ի՞նչ ունենք իրականում, զբոսաշրջիկները անգամ սովորական խոտի վրա նստելու համար ստիպված են լինում զբոսաշրջության գործունեության սուբյեկտին վճարել գումար: Բայց արի ու տես, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններից է ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը: Այնպիսի’ աջակցումը, երբ սեփական երկրի բնակիչները հնարավորություն չունեն իրենց համար բացահայտել իրենց պատմական Հայաստանը: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ հայկական ժառանգությանը սիրահարված արտագնա զբոսաշրջիկները ավելի խորությամբ են ճանաչում մեր Հայաստան աշխարհը, քան հայերիցս շատերը:

 

Պետական քաղաքականության հաջորդ ուղղություներից է նաև զբոuաշրջային գրավչություն ունեցող ռեuուրuների և շրջակա միջավայրի պահպանումը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ oգտագործումը: Ինչը, փաստորեն, օրենքի գործնական կիրառության տեսանկյունից ենթադրում է ծառահատումներ, մշակութային արժեքների և կանաչ գոտիների վերածում առևտրային կամ այլ բիզնես կենտրոնների:

 

Հատկապես ամառը, այն շրջանն է, երբ մեզանից շատերը քննադատում են Հայաստանից դուրս, հարևան երկրներում «հանգստավայր» ընտրած քաղաքացիներին: Պատճառանելով, թե մենք հարստացնում ենք մեր հարևաններին` այնտեղ անցկացնելով մեր հանգիստը: Իսկ ի՞նչ անի նվազագույն աշխատավարձով ապրող քաղաքացին, երբ ամբողջ տարին աշխատում է, խնայում գումար, սակայն Հայաստանի զբոսաշրջության գնային համակարգում չի կարողանում թեկուզև կարճատև, բայց կազմակերպել և անցկացնել իր հանգիստը` առանց գումարի վատման ափսոսանքի զգացումի:

 

Հետևապես, միայն զարգացնելով արտաքին զբոսաշրջությունը, այն չի կարող ճանաչվել Հայաստանում` որպես տնտեսության գերակա ճյուղ: 

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել