Դատապարտվել է ցմահ ազատազրկման

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն հիմնավորված է համարել Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ նախաքննական մարմնի կողմից Մ. Բաշչկովին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ցմահ ազատազրկման:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Երեւան քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ Մ. Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկե ՓԲ ընկերությունից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաեւ բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:
Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը եւ այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Մ.Բաշչկովը, իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչեւ 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, մտել է զորամասի տարածք, լուսամուտով մուտք գործել ռադիոկենտրոնի շենք եւ հարձակվել է ննջասենյակում քնած Ա. Զախարյանի վրա:
Մ. Բաշչկովը, երկսայր դանակով քնած Ա. Զախարյանի կրծքավանդակի շրջանում 5, ապա եւս 6 հարվածներ հասցնելով, սպանել է նրան: Այնուհետեւ նույն դանակի 18 հարվածով սպանել է նաեւ սենյակում հանգստացող եւ այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. մայիսի 31-ի դատավճռով Մ. Բաշչկովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ եւ 11-րդ կետերով (ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը եւ այլ հանցանքը թաքցնելը) եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել