Պատասխանատվության ենթարկում է միայն դատարանը. ՀՀ քր. oր.-ի 336-րդ հոդվածում կան «անճշտություններ»

ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է մի քանի հանցակազմեր, որոնք ուղղված են արդարադատության դեմ, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքերի և ազատությունների:

Այդ հանցակազմերից են` ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (հոդված 336), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը (հոդված 341), ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը (հոդված 348), ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը(հոդված 352):

Վերը նշված բոլոր հանցակազմերի սուբյեկտները հատուկ են` հետաքննություն իրականացնող անձ, քննիչ, դատախազ, դատավոր:

Նշվածներից առաջինի` ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմը իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում:

Այսպես` օբյեկտիվ կողմից նշված հանցագործությունը դրսևորվում է անձին չհաստատված դեպքով կամ դեպքին անձի մասնակցությունը չհիմնավորող կամ նրա արարքում հանցակազմը չհավաստող ապացույցներով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու գործողությամբ:

Հատկանշականն այն է, որ նշված հանցագործության սուբյեկտ կարող են լինել միայն հետաքննություն և նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք` հետաքննիչը, քննիչը, դատախազը:

Իսկ ո ՞րն է խնդիրը:

Խնդիրը կայանում է հետևյալում.

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Վերը նշված սահմանադրական նորմի վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ մեր երկրում գործում է անմեղության կանխավարկածը, այսինքն, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բացի այդ, հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, արտակագ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հետևաբար, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու բացառիկ իրավունքը վերապահված է ԴԱՏԱՐԱՆԻՆ, ուստի միայն դատարանն է իրավասու պատասխանատվության ենթարկել անձին:

Ավելին, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվում է վերադասության կարգով և ուժի մեջ չի մտնում, անձը դեռ շարունակում է համարվել անմեղ, և պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չի կարող գնալ:

Ո′չ հետաքննիչը, ո′չ քննիչը, ոչ էլ դատախազը իրավասու չեն իրականացնել արդարադատություն, հետևաբար` պատասխանատվության ենթարկել անձին:

Հետաքննիչը, քննիչը և դատախազը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել ցուցմունք տալուն հարկադրելու, ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու համար, որպիսի հանցակազմեր մեր քրեական օրենսգիրքը պարունակում է:

Այսպիսով, կարծում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի` ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու (հոդված 336) հանցակազմը ճիշտ ձևակերպված չէ` գոնե սուբյեկտի առումով:

Նշված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն դատարանը(դատավորը, դատավորները), սակայն նույնաբովանդակ հանցակազմ արդեն իսկ առկա է` ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը(հոդված 352), ուստի առավել նպատակահարմար է փոփոխել ՀՀ քրեական օրենսգրքի 336 հոդվածի դիսպոզիցիան:

Գոհար Կոստանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել