Խաղային ապարա՞տ, թե՞ ծխախոտ ձեռք բերելեւ հանրամատչելի եղանակ

Ծխախոտ օգտագործելու խնդիրն այսօր գիտակցվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: 2003թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ) կողմից ընդունվել է Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիային միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը (Կոնվենցիան Հայաստանի հանրապետության համար ուժի մեջ է մտել 27.02.2005թ.):


Կոնվենցիան պարտավորեցնում է դրան միացած յուրաքանչյուր պետության իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։

Ներկա և ապագա սերունդներին ծխախտոտի օգտագործման և ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 24.12.2004թ.-ին ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը և նախատեսել պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում արգելքները խախտելու համար:

Նույն այդ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։


Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից, կարող են մշակել և իրականացնել ծրագրեր։

Այդ օրենքը սահմանում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց.
2) 18 տարին չլրացած անձանց կողմից.
3) բաց տուփերով կամ հատով.
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն էլ պատասխանատվություն է սահմանում առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար, մասնավորապես՝

18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սա մեր օրենսդրությունը:

Հիմա անդրադառնանք մեր իրականությանը:

Փողոցում, մետրոների մուտքերի մոտ, այգիներում և այլ հանրամատչելի և հատկապես երեխաներին մատչելի վայրերում կարելի է հանդիպել «խաղային» ապարատներ, որոնցում լցված են փուչիկներին կապված ծխախոտի տուփեր: Մարդիկ, այդ թվում երեխաները, հնարավորություն ունեն համապատասխան մանրադրամի դիմաց խաղալ և «որսալ» փուչիկն ու դրան կապված ծխախոտի տուփը:

Վերը նշված օրենքը նաև սահմանում է, որ ծխախոտային արտադրատեսակների իրացումը կազմակերպելիս անհրաժեշտ է արգելել ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձև առաջարկելը:

Այս պարագայում Էական չէ, վերը նշված խաղային ապարատներն են խթանում ծխախոտի վաճառքին, թե ապարատում առկա ծխախոտային արտադրանքն է խթանում ապարատի օգտագործմանն ու դրանով համապատասխան ձեռնարկատիրոջ շահույթի ապահովումը: Էական է այն, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արագորեն տարածվող այս բիզնեսի արդյունքում ծխախոտն ուղղակիորեն ու մատչելի կերպով հասանելի է դառնում երեխաներին: Եվ եթե բարեխիղճ վաճառողը կարող է չվաճառել երեխային ծխախոտ, այս պարագայում չկա որոշող՝ լինե՞լ բարեխիղճ, թե՞ ոչ: Իսկ թե որքանո՞վ են իրականացվում վերը նշված կոնվենցիայի ու օրենքի դրույթները, դատողությունները թողնում ենք ընթերցողին:

Հ.Գ. Երբ Հայաստանում տարածում գտան նմանատիպ խաղային ապարատները, դրանք լցված էին փափուկ խաղալիքներով:

Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել