ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասով

«Իշխանությունների կամ նրանց գործակալների կողմից կամայական կամ անիրավ սպանություններ չեն արձանագրվել, սակայն խաղաղ պայմաններում մահվան դեպքերը բանակում շարունակում է խնդիր հանդիսանալ»,- ասված է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի՝ Հայաստանի մասին զեկույցում:
Բանակում տարվա ընթացքում արձանագրվել են մահվան կասկածելի դեպքեր, «դեդովշինա», ժամկետային զինծառայողները ենթարկվել են այլ վատ վերաբերմունքի սպաների և այլ զինվորների կողմից, որի համար ոչ ոք հաշվետու չի եղել, ասված է զեկույցի համառոտագրում: Այդ ամենին նպաստում են ստանդարտից ցածր կյանքի պայմանները, կոռուպցիան, հրամանատարների անպատժելիությունը և հաշվետվության պակասը, ասված է զեկույցում:
Զեկույցում մանրամասն անդրադարձ կա նաև երեխաների իրավունքների վիճակին: Մասնավորապես, նշվում են երեխաների չարաշահման դեպքերը, սեռական բռնության դեպքերը, անչափահասների աշխատանք, նաև ծանր ֆիզիկական, հաճախ առանց պայմանագրի:
Խոշտանգումների մասին հայտարարությունները շարունակվում են: Բանտերը գերբնակեցված են, պայմաններն այնտեղ հակասանիտարական են, Ոստիկանությունում ձերբակալվածները ծեծի են ենթարկվում, մարդիկ ձերբակալվում են առանց հիմնավոր կասկածի, տվյալ քաղաքական կուսակցությանը հարելու կամ քաղաքացիական գործունեության համար, ասված է զեկույցում:
Լայնորեն խախտվում են աշխատողների իրավունքները, գործատուները աշխատողների հետ հաճախ պայմանագիր չեն կնքում, հաճախ մեկ ամսով ընդունում են աշխատանքի, իբր փորձաշրջանը չանցնելու պատճառով հեռացնում են աշխատանքից` առանց աշխատած օրերի համար վճարելու, և այլն:
Անդրադառնալով խոսքի և մամուլի ազատությանը` զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ լրատվամիջոցները հաճախ ինքնագրաքննությամբ են զբաղված, քանի որ վախենում են, որ իրենց դատի կտան և կենթարկեն նյութական տույժի, նշելով վերջերս զրպարտության համար ներկայացված դատական հայցերը լրատվամիջոցների դեմ:
Հեռուստատեսությունը քաղաքական կարծիքների բազմազանություն և օբյեկտիվ տեղեկատվություն չի ապահովում, իսկ թվային հեռարձակման անցնելու գործընթացում հեռուստաալիքների թիվը և բազմազանությունը նվազել է, նշում են զեկույցի հեղինակները:
Հեղինակները նաև հիշեցնում են, որ մարտի 1-ի սպանությունների պատասխանատուները չեն բացահայտվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել