Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել գործատուին` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու համար

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ նյութերից մեկում, վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) առողջարանային բուժման.
4) հղիության ու ծննդաբերության.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված եկամուտների մասին տեղեկանքը:
Հարկային մարմինը տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային և սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:

Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը:

Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակությանթերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել