Կդատապարտվեր արդյո՞ք սանտեխնիկ Պետրովը, եթե լիներ ՀՀ քաղաքացի

Մի անեկդոտի համաձայն ԽՍՀՄ քաղաքացի սանտեխնիկ Պետրովը դատապարտվել էր ազատազրկման միայն նրա համար, որ փողոցում բղավել էր, որ ամեն ինչ փտած է և ամբողջ համակարգը պետք է փոխվի: Խորհրդային իշխանություններն այդ հայտարարության մեջ գտել էին քաղաքական ենթատեքստ: Հարց է առաջանում, իսկ կդատապարտվե՞ր մեր հերոսը, եթե լիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ոչ, չէր դատապարտվի, քանի որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։

Սակայն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը բացարձակ կատեգորիա չէ: ՀՀ քրեական օրենսգիրքը քրեորեն պատժելի արարքների շարքին է դասում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերը:

Բացի այդ, խոսքի ազատության իրականացումը չպետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Դիտարկվող օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Հիշենք, որ իրականացնելով մեր իրավունքները` չպետք է խախտենք այլոց իրավունքները և հարգենք քրեական օրենսգիրքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել