2 դատապարտյալներ մեղադրվում են շորթում կատարելու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2 դատապարտյալների կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սիմոնյանը, ով 2005 թվականին դատապարվել է 8 տարվա ազատազրկման եւ իր պատիժը կրում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, 2009թ. հունվարին, այսինքն` պատիժը կրելու ժամանակ, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով ոմն Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:
Այնուհետեւ 2009թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների եւ իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի ամուսնուն եւ հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց:
Բացի այդ, Ս. Սիմոնյանը, Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, դատապարտյալ Ա. Աբրահամյանի հետ, 2012թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են նրան արատավորող կեղծ տեղեկություններ հրապարակել:
Այն է` վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաեւ` վերջինիս` համացանցում առկա ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:
Նշված տեղեկությունները չհրապարակելու եւ չտարածելու դիմաց 2012թ. հունվարի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը եւ Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար:
Բացի այդ, Ա. Աբրահամյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում եւս 4 անձանց հետ հեռախոսազրույցների եւ համացանցի` odnoklassniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ եւ մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է տարբեր չափերի հասնող գումարներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել