«Ի՞նչ է սահմանվում ամուսնական պայմանագրով». պարզաբանում է նոտարը

– ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Խոսքն ամուսնական պայմանագրի մասին է, որով ամուսինները կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը` ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ:

Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ամուսինների ինչպես առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ: Սակայն, համաձայն Ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածի` ամուսնական պայմանագիրով չեն կարող սահմանափակվել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։

Նոր Նորք տարածքի նոտար
Գայանե Ենգիբարյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել