Նորություններ

Ինչպե՞ս ճանաչել սուտը ժպիտի միջոցով. (լուսանկարներ)

Կեղծ կարող են լինել ոչ միայն ցուցմունքները, այլ նաև ժպիտը: Ժպիտն ու ծիծաղն իրենց մեջ պարունակում են մեծ տեղեկություն: Վերջինիս միջոցով կարող ենք հասկանալ՝ արդյո՞ք մարդ անկեղծ է, թե` ոչ, ճի՞շտ է խոսում, թե՞ ստում է:

Այսպես, այն դեպքում, երբ մարդու շրթունքներն ուղիղ գիծ են կազմում և չեն երևում ատամները կարելի է ենթադրել, որ մարդ ինչ-որ գաղտնիք ունի, փորձում է թաքցնել որևէ բան:

Օրինակ՝ եթե նման ձևով ժպտա վկան, ապա քննիչը կարող է հասկանա, որ նա չի պատմում ամենը:

Այն դեպքում, երբ մարդ ժպտում է «ծուռ և թեք», ապա այն արտահայտում է սարկազմ:

Այն դեպքում, երբ մարդ ժպտում է բաց բերանով, և երբ ժպտալիս ստորին ծնոտը ներքև է կախվում, ապա նա փորձում է ազդել իր լսարանի վրա և առավել դրական ռեակցիա ստանալ:
Կիսաբաց բերանով ժպտալը բավարարվածության նմանակեղծումն է:

Այն դեպքում, երբ մարդու գլուխը փոքր-ինչ հակված է ներքև, և նա ժպտում է՝ աչքի ծայրով նայելով, ապա նման ժպիտը տղամարդկանց մոտ առաջացնում է հայրական բնազդներ՝ կնոջը հոգ տանելու և պաշտպանելու ցանկություն:

Պատահական չէ, որ նման ձևով ժպտում էր արքայադուստր Դիանան:


Իրականում անկեղծ ժպիտն առաջանում է անգիտակցորեն:

Այն ժամանակ, երբ մարդ հաճույք է զգում, ապա ուղեղի համապատասխան հատվածում, որտեղ առաջանում են հույզեր նկատվում է ազդանշան: Վերջինս էլ ստիպում է շարժվել բերանի, այտերի և աչքերի մկաններին:

Անկեղծ ժպտալիս ուղեղի երկու կիսագնդերն էլ ազդում են դեմքի վրա, և ժպիտը սիստեմատիկ է ստացվում:

Որպես կանոն անկեղծ ժպիտի դեպքում ժպտում են այսպես ասաց «բոլորը» և´ աչքերը, և´ բերանը, և´այտերը: Երբ ժպտում են նաև աչքերը, ապա աչքերի անկյուններում գոյանում են կնճիռներ:

Անկեղծ ժպտալիս մարդու շուրթերի անկյունները բարձրանում են վեր, մեծանում են այտերը, նեղանում են աչքերը և թեթևակի ցած են իջնում հոնքերը:

Մինչդեռ ոչ անկեղծ մարդկանց աչքերը, հոնքերը, այտերը չեն ժպտում: Նման մարդիկ ժպտում են միայն շրթունքներով, ընդ որում շրթունքների անկյունները չեն բարձրանում վեր, ավելին՝ հնարավոր է ուղղվեն դեպի ներքև:

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ անկեղծ ժպիտի դեպքում «շրթունքների մկաններն» առավել ուժգին են ձգվում, քան շինծ ժպիտի ժամանակ:

Վերոգրյալից ելնելով՝ ներկայացնենք անկեղծ և շինծու ժպիտների բնորոշ պատկերներ:

Այս հարցում կողմնորոշվելու համար կօգնի հետևյալ հոգեբանական հնարքը. մտովի փակում ենք զրուցակցի բերանը և նայում աչքերին: Արդյունքում կհասկանաք ՝ կե՞ղծ է ժպիտը, թե՞ ոչ:

Նշենք նաև, որ աչքերի շուրջ կնճիռներ կարող են հայտնվել նաև միանգամայն ակտիվ ոչ անկեղծ ժպիտի դեպքում: Այդ ժամանակ այտերը մեծանում են և տպավորություն է ստեղծվում, թե աչքերը նեղացել են և ժպիտն անկեղծ է:

Մինչդեռ գոյություն ունեն այլ ազդանշաններ, որոնք մատնում են կեղծը:

Անկեղծ ժպիտի ժամանակ այն հատվածը, որը գտնվում է հոնքի և թարթիչի միջև՝ աչքը ծածկող ծալքը, շարժվում է դեպի ներքև, իսկ հոնքերի եզրերը գրեթե աննկատ իջնում են ցած:
Շինծու ժպիտն ավելի ուժեղ է նկատվում դեմքի մի կողմում, թեև ժպիտի համար ուղեղի երկու կիսագնդերն էլ աշխատում են:

Հիշեցնենք, որ գլխուղեղի կեղևի այն հատվածը, որը պատասխանատու է դեմքի արտահայտության համար, գտնվում է աջ կիսագնդում, ուստի, այն ազդանշաններ է ուղարկում մարմնի առավելապես ձախ կողմին, որի արդյունքում դեմքի շինծու արտահայտությունները ձախ մասում ավելի վառ են արտահայտվում, քան աջ մասում:

Ժպիտի միջոցով կարող ենք զատել ոչ միայն կեղծը և անկեղծը, այլ նաև սուտը և ճիշտը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ժամանակ, երբ մարդ ստում է նրա ժպիտը ձախ կողմում շատ ավելի ուժեղ է արտահայտվում, քան աջ:

Փոլ Էկմանի հետազոտությունների համաձայն` մարդիկ ստելու ժամանակ հազվադեպ են ժպտում, քան սովորական վիճակում և պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը ժպիտը կապում է ստի հետ, ուստիև գիտակցաբար սկսում են ավելի հազվադեպ ժպտալ:

Այն հատկապես վերաբերվում է տղամարդկանց:

Իսկ Ալան Պիզը նշել է, որ մաքսանենգները հազվադեպ են ժպտում:

Հայտնի է, որ ժպիտը հնազանդություն և ենթարկվողականություն է ցուցադրում, անմեղ մարդիկ միանգամից փորձում են այն ցուցադրել իրենց մեղավորներին, թեև ստախոսները պակասեցնում են ժպիտների քանակը, քանի որ փորձում են ճնշել մարմնի լեզվի ազդանշանները:

Նույն բանն է կատարվում, երբ ոստիկանության մեքենան լուսացույցի մոտ կանգնում է ձեր կողքին:

Անգամ, եթե մարդ օրենքը չի խախտել, ոստիկանության սոսկ ներկայությունը բավական է, որպեսզի մարդ իրեն մեղավոր զգա և սկսի ժպտալ, իսկ այն դեպքերում, երբ վարորդը մենակ է մեքենայի մեջ, մնում է հուսալ, որ ոստիկանը վարորդի ժպիտը հոգեբանորեն ճիշտ կվերլուծի՝ չհամարելով իրեն հոգեկան խնդիրներ ունեցող անձ կամ այլ կերպ:

Վերոգրյալից ելնելով նշենք՝ ժպիտը կարելի է նմանակեղծել, հետևաբար այն միշտ պետք է դիտարկել ստեղծված իրավիճակի կոնտեքստում:

Եվս մեկ ստի ճանաչման հնարք՝ կեղծ ժպիտն ավելի երկար է տևում, քան անկեղծը, քանի որ ստախոսը դիմակ է հագնում և չի շտապում այն հանել, իսկ դիմակը նրա համար է, որ զրուցակիցը տեսնի, ուստի, այն պետք է ի ցույց դնել:
Չէ՞ – որ դերասանին անհրաժեշտ է հանդիսատես:
Ի՞նչ եք կարծում` ո՞ր ժպիտն է անկեղծ:

Հ. Գ. Կեղծ ժպիտը նույնպես ունի իր դրական կողմերը:

Հոգեբանները նշում են, որ արհեստականորեն ստացված ժպիտը ենթագիտակցորեն կազդի Ձեր վրա և կփոխի Ձեր տրամադրությունը:
Ի դեպ՝ Դուք ժպտացե՞լ եք այսօր:

Զարուհի Հարությունյան

Աղբյուր՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել