Զգուշացե՛ք նորահայտ «հավատացյալներից»

Հայաստան, 2013թ. մարտ… Հանգստյան տներից մեկում արդեն երրորդ օրը հանգստանում էին մի խումբ երիտասարդներ, որոնցից ոմանք՝ ընտանյոք հանդերձ: Գրեթե ամբողջ օրը տևած «դասընթացից» հետո երիտասարդներն ու նրանց խումբը ղեկավարող մի քանի անձինք մոտեցան հանգստի սրահում դրված դաշնամուրին ու սկսեցին նվագել, երգել, արտասանել: Սկզբում հնչում էր դասական երաժշտություն, այնուհետև, շնորհավորելով կանանց միամսյակը` հնչեցին մայրերին, քույրերին, տատիկներին, սիրելիներին նվիրված երգեր, բանաստեղծություններ, ինչն էլ, բնականաբար, չէր կարող անտարբեր թողնել հանգստացողներին ու չհամախմբել սրահում: Ի դեպ, կատարողներն աչքի էին ընկնում իրենց հրաշալի ձայնային տվյալներով ու պրոֆեսիոնալ կատարողականով: Սակայն մի քանի երգից հետո շատ սահուն կերպով, ունկնդիրներից շատերի համար աննկատ փոխվեց երգերի բնույթը: Սկսվեց Աստծոն, Հիսուսին գովերգող, նրանց հնազանդ ու խոնարհ լինելը հավաստող երգերի շարքը…

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ «Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

 

ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով».

 

և այլն…

 

Նույն օրենքը նաև սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Որպես հոգեորսություն չի կարող դիտվել օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն»:

 

Թե ինչ էր վերը նշված միջոցառումը, գնահատեք ինքներդ:

 

Իսկ նմանատիպ ծեսերը «օրենքին ոչ համապատասխան» իրականացնելու համար նախատեսված է միայն վարչական պատասխանատվություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը սահմանում է. «Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը`

 

1) կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը`

 

2) կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը.

 

3) պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը», այսինքն՝ 300-1000 ՀՀ դրամի չափով:

 

Իսկ հոգեորսության համար պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ:

 

Հ. Գ. Ի դեպ, թե ինչ թեմայի շուրջ էր խմբի դասընթացը, կարելի էր հասկանալ սեղանին մոռացված հարցաթերթիկից, որը վերնագրված էր. «Անհավատների հետ ընկերություն նախաձեռնել»:

 

Իսկ անհավատ կամ գյավուր տերմինը, ինչպես հայտնի է, օգտագործում էին թուրքերը՝ ոչ-մահմեդականներին անվանելու մի ձև, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ և բառացիորեն նշանակում է անհավատ:

 

Եվ ցանկացած «հավատացյալի» հետ «անմեղ զրույց» սկսելուց առաջ և ընթացքում հիշենք, որ դիմացինի համար մենք կարող ենք դիտարկվել որպես «անհավատ»:

 

 

Արփինե Եղիկյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել