Դատավոր Հարություն Մովսեսյանի գործողությունները նպաստո՞ւմ են արդարադատության իրականացմանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր Դոնարա Մանուկյանի գործով Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի փաստաբան Գայանե Գևորգյանին դժվարությամբ է ներգրավվել որպես երկրորդ փաստաբան:

«Այսօր նիստի ժամանակ ամբաստանյալը բանավոր հայտնել է, որ ինքը ցանկանում է Գայանե Գևորգյանին գործով ներգրավվել որպես իր երկրորդ պաշտպան, սակայն դատարանը չի թույլատրել»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան, Դոնարա Մանուկյանի գործով առաջին պաշտպան Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դատավորը Գայանե Գևորգյանին ավելի վաղ ևս մեկ անգամ այդ գործով չի թույլատրել մասնակցել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ վերջինս չունի ամբաստանյալի հետ կնքված պայմանագիր: Դատավորը հաշվի չի առել փաստաբանի այն խոսքը, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նման պահանջ չի ներկայացնում: Գայանե Գևորգյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ ավելի ուշ` ընդմիջում հայտարարելուց հետո, նույն օրենսգրքին հղում անելով ինքը ներգրավվել է որպես երկրորդ փաստաբան:

Գյումրեցի Դոնարա Մանուկյանը մեղադրվում է հարևանուհուն ծեծելու մեջ: Կարեն Հովհաննիսյանը գործին որպես փաստաբան ներգրավվել է, երբ գործն արդեն ուղարկված է եղել դատարան: Փաստաբանը դատավորին բազմիցս խնդրել է դատական նիստերը նշանակել ժամը 10-ից ավելի ուշ, քանի որ Երևանից Գյումրի հասնելը հեշտ չի լինում: Դատարանը ոչ մի կերպ այլ ժամի չի նշանակում: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել գործով երկրորդ փաստաբան ներգրավվել Գյումրիից:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ տուժող կողմը ծեծի մասին ոստիկանություն հաղորդում է տվել դեպից 5 օր անց՝ 2012 թվականի հուլիս 30-ին:

Դատարանում տուժողի աղջիկը` Մարգարիտա Հովհաննիսյանը, ցուցմունք էր տվել, թե ինքը հեռախոսով ձայնագրել է ծեծի ընթացքը: Վերջինս հայտնել էր, որ ինքն այդ ձայնագրությունը հուլիս 30-ին ներկայացրել է և´ հետաքննության մարմնին, և´ քննիչին:

Այսօր դատարան վկա էին հրավիրվել հետաքննիչ Արթուր Սեդրակյանն ու քննիչ Ավետիք Թովմասյանը:

Արթուր Սեդրակյանը նշեց, որ ինքը հուլիսի 30-ին բացատրություն է վերցրել վկա Մարգարիտա Հովհաննիսյանից: Վերջինս բացատրությունը գրել է անձամբ, իր ձեռքով ու բացատրության մեջ «Նոկիա» հեռախոսի և լազերային սկավառակին մասին խոսք չի եղել ու հեռախոսասարքը չի ներկայացրել հետաքննիչին:

Քննիչ Արթուր Թովմասյանն իր խոսքում նշեց, որ Մարգարիտա Հովհաննիսյանը 2012թ. օգոստոսի 11-ին բացատրություն է տվել, որը գրել է անձամբ իր ձեռքով: Եթե իրոք նման ապացույց առկա է եղել, ապա պետք է ներկայացվեր: Իսկ 2012թ. օգոստոսի 31-ին ցուցմունք տալուց կրկին չի նշել ու հեռախոսասարք չի ներկայացրել: Նման հեռախոսասարքը ներկայացվել է 2012թ. սեպտեմբերի 7-ին, որից հետո կատարվել է համապատասխան քննչական գործողություն` կազմվել է արձանագրություն, հեռախոսի ձայնագրությունն ուղարկվել է վերծանման:

Դատարանը հարցրեց վկա Թովմասյանին, թե վերծանման ընթացքում ձայների պատկանելիությունը պարզելու համար ինչո՞ւ չի նշանակվել փորձաքննություն, քննիչը պատասխանեց, որ փորձաքննությունը երկար էր տևելու:

Ավելի վաղ Կարեն Հովհաննիսյանը դատարանին միջնորդել էր ապացույցների զանգվածից հանել քննիչի որոշումը հեռախոսը որպես իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ, լազերային սկավառակի պարունակությունը վերծանելու մասին արձանագրությունը, «Նոկիա» տեսակի հեռախոսասարքը և լազերային սկավառակը ներկայացնելու մասին արձանագրությունը, «Նոկիա» տեսակի հեռախոսասարքը և այն որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը` որպես անթույլատրելի և ոչ վերաբերելի ապացույց:

Այսօր դատաքննության ընթացքում ամբաստանյալ Դոնարա Մանուկյանը կրկին միջնորդեց վկա հրավիրել Գայանե Հայկյանին` տուժող կողմի վկայի ցուցմունքի հերքման համար: Դատարանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, որի ընթացքում կրկին լսեցին նախորդ նիստի ընթացքում վկա Գրետա Հարությունյանի ցուցմունքը:

Ընդմիջումից հետո դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը վկա Գայանե Հայկյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ:
Հերթական դատական նիստ նշանակվեց ապրիլի 5-ին:

Կարեն Հովհաննիսյանը օրենքով սահմանված կարգով պահանջել ու ստացել է դատական նիստերի արձանագրությունների ձայնային կրիչները: Նրա կարծիքով` դա հիմք կլինի թույլ տրված դատավարական խախտումների մասով Արդարադատության խորհրդին դիմել:

Նունե Հովսեփյան

Լուսնկարը` court.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել