Նորություններ

«Փաստաբանական գործունեությամբ զբաղվելուն խանգարում է դատարանների եվ դատավորների անկախ չլինելը»

Դատարանների հետ պարբերաբար առնչությունը փաստաբան Անահիտ Հակոբյանին հիմք է տվել պնդելու. «Եթե փաստաբանը դատավորի համար կաշառքի միջնորդ չէ, ապա նրա գործերում հաղթելու հավանականությունն ավելի փոքր է»:Iravaban.net-ի զրուցակիցն է Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից համատեղ գործարկվող «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագրի փաստաբան Անահիտ Հակոբյանը:


-Հոգեբաններից շատերը համոզված են` մարդու ներկա մասնագիտության հիմքերը պետք է փնտրել մանկության տարիների մեջ: Մասնավորապես` «ի˚նչ ես դառնալու երբ մեծանաս» հարցին ի˚նչ պատասխան էիք տալիս փոքր ժամանակ:

– Այդ հարցին ես միշտ պատասխանել եմ` ուզում եմ դառնալ այնպիսի մարդ, ով կկարողանա օգնել թույլերին, բարի մարդկանց և պատժել չարին: Ես այն ժամանակ դեռ չէի պատկերացնում, որ դա հենց իրավաբանի մասնագիտությունը պետք է լինի: Հեքիաթներ շատ էի կարդում և նեղվում էի, որ միշտ բարին թույլ էր լինում, սկզբից պարտվում էր, բայց, իհարկե, վերջում հաղթում էր:


-Մինչ այս պահը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների 
ասոցիացիայում (ՀԵԻԱ)  աշխատելը, կպատմե˚ք Ձեր մասնագիտական անցած ուղու մասին:

– Միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելով` ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ: Համալսարանը նույնպես ավարտել եմ գերազանցությամբ և անմիջապես սկսել եմ աշխատել Տավուշի համալսարանում` որպես դասախոս, ապա Պետական եկամուտների կոմիտեում (այն ժամանակ նախարարություն էր կոչվում)`իրավաբան, առաջին կարգի մասնագետ: Իրավախորհրդատու եմ աշխատել «ԲԵՄ» ՍՊԸ-ում` միաժամանակ դասավանդելով իրավունքի հիմունքներ առարկա Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի ուսումնարանում: 2006-2010 թվականներին որպես դասախոս աշխատել եմ Հայասատանում ֆրանսիական համալսարանի և նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրակտիկայի պատասխանատու: 2007 թվականից Փաստաբանների պալատի անդամ եմ: ՀՖՀՀ-ում աշխատելու հետ մեկտեղ նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում եմ աշխատել` որպես իրավախորհրդատու: 2010 թվականից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող «Երևան, Վանաձոր, Կապան, Հրազդան և Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագրի փաստաբան եմ աշխատել, իսկ հիմա ՀԵԻԱ-ի և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակի հետ համատեղ զբաղվում ենք փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությամբ և դատական ներկայացուցչությամբ: Ողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում ամենահոգեհարազատ աշխատանքը հենց այս է, որովհետև համահունչ է իմ էությանը: Հիմա հնարավորություն ունեմ առավել արդյունավետ օգտակար լինելու մարդկանց, առավել ևս, որ փաստաբանի ծառայություններն անվճար են:


-Ո’չ փաստաբանը, ո’չ դատավորը իրենց պարտականությունները կատարելիս իրավունք չունեն տեղի տալ սեփական զգացմունքներին: Այդուամենայնիվ, կհիշե˚ք այնպիսի գործ, երբ Ձեզ համար միանշանակ պարզ է եղել` պաշտպանյալն անմեղ է, սակայն օրենքը նրան արդարացնելու հնարավորություն չի տվել:

– Սակավաթիվ են, քանի որ վերջիվերջո կարողացել ենք հասնել արդարաության: Դատարանում ես շատ զսպված ու հավասարակշռված եմ: Եղել են դեպքեր, երբ սպառնացել են ինձ` եթե դուք այս գործը պաշտպանեք, մենք Ձեզ կզանգենք, ինչ-որ պետք է կասենք: Նման դեպքերում միակ ճիշտ եղանակն այն է, որ դու սիրով հակադարձես (Ն.Հ.- ժպտում է):
Մի անգամ քրեական գործով (Երևանի ՇՊԱԿ-ի քննության գործն էր) Վերաքննիչ դատարանում դատավորն ու քննիչն այնպիսի բաներ էին ասում, որ ուղեղին մոտ չէ: Ոչ իրավաբան մարդն էլ կծիծաղեր կամ կզարմանար: Դատավորը սահմանափակում էր իմ խոսքի իրավունքը. որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ ձայնդ բարձրացնես: Դրանից հետո արվեց այն, ինչ պետք է արվեր: Երբ նիստից դուրս եկանք պաշտպանյալս ասաց. «Անահիտ ջան, էդ ի˚նչ արեցիր: Շատ կազդվեին, մեղք էին»: Պատկերացնում եք` նա խոսում էր դատախազի, քննիչի և դատավորի մասին: Իմ մեջ նստած-արմատացած է արդարության զգացումը, այն ինձ հզոր ուժ է տալիս, որ չվախենամ ու չընկրկեմ:


-Ասում են` օրենքը նման է սարդոստայնի` խոշոր ճանճերը միջից ճեղքում դուրս են գալիս, իսկ մանրերը լռվում-մնում են: Եթե դիտարկենք Հայաստանի օրենսդրական դաշտը, համամի˚տ եք այս դիտարկմանը:

– Այո, արդիական է մեր իրականության համար: Մի դեպք կար, երբ մեր դիմացինն ավելի ամուր հենարան, թիկունք ուներ և կարողացան գործի ընթացքը հունից հանել: Մենք չկարողացանք հաջողության հասնել: Այդ գործն այս պահին Մարդու իրավուքների եվրոպական դատարանում է: Գիտեք` աշխարհում երբեք չի կարող ընդունվել օրենք, որը լինի կատարյալ: Վերցրեք ամենակատարյալ օրենքներն ունեցող երկրի օրինակը և կտեսնեք, որ դրանք հնարավոր է շրջանցել: Մենք անձերի խնդիր ունեք, ոչ թե օրենքների: Ճիշտ եք ասում, մեզ մոտ «մեծերը» կարողանում են շրջանցել օրենքը, իսկ «փոքրերը» մնում են սարդոստայնի մեջ: Լուծումը մարդու ճիշտ դաստիարակումն է: Ճիշտ դաստիարակվելու դեպքում ոչ մի պատճառ չի կարող մարդուն դրդել խախտելու օրենքը: Պետք է մանկապարտեզից, դպրոցից հայը ճիշտ դաստիարակվի: Խնդիրը օրենքների մեջ չէ, խնդիրը մարդու էության մեջ է:


-Դաստիարակելով երեխաներին մենք դաստիարակում ենք մեր ապագա երկրի պատմությունը, նշանակում է նաև աշխարհի պատմությունը: Ի˚նչն է առավել կարևորում փաստաբան մայրիկը իր 8 տարեկան որդուն դաստիարակելու գործում:

– Իմ բախտը բերել է, որ նա ի ծնե իր մեջ կրում է այդ արժեքները: Ես իրեն հատուկ չեմ դաստիարակում, քարոզներ երբեք չեմ կարդում: Մեկ- մեկ խորհուրդներ եմ տալիս, երբ զգում եմ, որ դրա կարիքը կա: Չեմ պարտադրում, որ ինչ- որ բան անի: Ես ամենակարևոր բանն եմ անում` օրինակ եմ ծառայում: Եթե ես ուզում եմ` իմ տղան լինի այսպիսին, ես դա անում եմ իր առջև: Դպրոցում լավ է սովորում, սակայն ինձ համար առաջնայինը նրա մեջ մարդ դաստիարակելն է:


– Աննա Արծրունի բեմական անվամբ Ձեր «Գիշերն եկավ» երգի տեսահոլովակը մարտ ամսին հայտնվեց համացանցում: Փաստաբանն ու երգչուհին, կարծես թե, տարբեր աշխարհընկալում ունեցող մարդիկ պետք է լինեն, որովհետև մասնագիտությամբ էլ է պայմանավորված մարդու աշխարհայացքը: Ինչպե˚ս առաջացավ երգի տեսահոլովակ նկարահանելու ցանկությունը փաստաբանի մոտ:

– Դպրոցական տարիներին հաճախել եմ դաշնամուրի դասերի: Հորս կողմը բոլորը երգում են: Մրցույթների ու փառատոնների եմ մասնակցել: Իմ առաջին հոնորարը ստացել եմ 9 տարեկանում` 30 ռուբլի, երբ Երևանում դաշնամուրի հանրապետական մրցույթին հաղթեցի: Մայրս այդ գումարով ինձ զգեստ գնեց (Ն.Հ.-ժպտում է): Միշտ երգել եմ, լսել դասական, ժողովրդական երաժշտություն: Սակայն հայրս չթողեց, որ շարունակեի: Ասաց` բավական է, որ կարողանում ես երգել ու նվագել, ուրիշ մասնագիտություն ստացիր: Ուղեղիս մեջ միշտ եղել է այդ գաղափարը, որ մի ձևով հանրությանը ներկայացնեմ իմ երգը: Երկու ամսում պատրաստեցինք տեսահոլովակը:


-Վերադառնալով Ձեր փաստաբանի մասնագիտությանը` ի˚նչը կարող է Հայաստանում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու ժամանակ խնդիրներ առաջացնել:

– Խանգարում է դատական համակարգի կոռումպացվածությունը: Վճռաբեկ դատարանը չի հիմնավորում իր որոշումները, ստորադաս ատյանի դատարանները կատարում են Վճռաբեկ դատարանի պահանջները: Խանգարում է այն, որ դատավորներն ու դատարաններն անկախ չեն:


-Ասում են` եթե արդարություն գոյություն ունենար, ապա օրենքի և իրավաբանների կարիք չէր լինի: Համաձայն այս տեսակետի` ըստ Ձեզ` այդօրինակ ժամանակաշրջան գալո˚ւ է:

– Քանի որ լավատես մարդ եմ, հուսով եմ` մի օր կգա: Երանի գա… (Ն. Հ. -ժպտում է): Գիտեք ե˚րբ կլինի արդարություն, երբ մարդիկ հենց իրենք փոխվեն, երբ իսկապես ձևավորվի քաղաքացիական հասարակություն: Երբ մարդը ոչ թե օրենքից վախենալով հանցանք չկատարի, այլ չկատարի, որվհետև չպետք է կատարի: Երբ մարդկանց մեծ մասն ունենա ներքին դատավոր, գուցե այդ ժամանակ գոնե փաստաբանների կարիք չլինի:

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել