Կենդանի մարդու անվամբ տրվել է մահվան վկայակա՞ն

Հայցվոր «ՄԱԿՏՐԵՆ-ՆԱՖՏԱ» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, նշել է, որ 2010 թվականի հունիսի 28-ին ՌԴ Տեմրյուկ քաղաքում հարուցվել է քրեական գործ ըստ մեղադրանքի Աղաբեկ Գեորգիի Բադալովի ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով: Բադալովի գործողություների արդյունքում ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս 40261832 ռուսական ռուբլի: 16.08.2010 թվականի որոշմամբ «Մակտրեն-Նաֆտա» ՍՊԸ ճանաչվել է տուժող, և նույն օրը ճանաչվել նաև քաղաքացիական հայցվոր: Դատական գործընթացը շարունակվում է մինչ օրս:

Ամիսներ առաջ դատարանը ստացել է Աղաբեկ Գեորգիի Բադալովի մահվան փաստը հաստատող վկայականը: Աղաբեկ Բադալովի հանկարծակի մահվան լուրը կասկածի տեղիք են տվել ընկերության մոտ, և այդ նկատառումներից ելնելով, ընկերությունը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբանի միջոցով սկսել է հարցումներ կատարելու եղանակով տեղեկություններ ստանալ և հավաքագրել Բադալովի մահվան փաստի վերաբերյալ, որի ընթացքում պարզել է հետևյալը.

Աղաբեկ Գեորգիի Բադալովի մահվան փաստը հաստատող վկայականի տրամադրման հիմք է հանդիսացել «Մարտունու հիվանդանոց» ՓԲԸ կողմից 22.07.2012 թվականին տրված թիվ 152 մահվան մասին բժշկական վկայականը: Համաձայն նշված փաստաթղթի՝ 22.07.2012 թվականին ՌԴ քաղաքացի Աղաբեկ Գեորգիի Բադալովը՝ ծնված 23.05.1949 թվականին, մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Սոտքի ճանապարհին, ավտոմեքենայի մեջ: Վկայագրում մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարվածությունը, սրտի հիմնական անոթների սուր խանգարումը, սրտամկանի սուր ինֆարկտը: ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետի 23.09.2012 թվականի թիվ 97/6.3985 գրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի՝ պատահարների վերաբերյալ ոստիկանություն ստացած տեղեկությունների գրանցման հաշվառման մատյանում և հանցագործությունների մասին հաղորդումների հաշվառման գրքում 22.07.2012 թվականին Գեղարքունիքի մարգի Սոթք գյուղի ճանապարհին Աղաբեկ Գեորգիի Բադալովի /ծնված 23.05.1949թ/ մահվան վերաբերյալ դեպք չի գրանցվել և նյութեր չեն նախապատրաստվել: ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրենի 28.08.2012 թվականի թիվ 322 գրության համաձայն՝ Աղաբեկ Գեորգիի Բադալովը /Բադալյան/ /ծնված 23.05.1949թ./ 01.01.2012- 27.08.2012 թվականը ընկած ժամանակահատվածում «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ չի դիմել և չի հաշվառվել /ստացիոնար, ամբուլատոր/: Շտապ բուժ օգնության կայանի կողմից վերոնշյալ տվյալներով գրանցված կանչ կամ մահ չի արձանագրվել: Նույնաբովանդակ գրություն է տրամադրել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի համայնքի գյուղապետի գրության համաձայն, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում Աղաբեկ Բադալով անվամբ անձնավորություն չի եղել և չի բնակվել, թեկուզ և ժամանակավոր, ավելին` հուլիս ամսին նման անձ Սոթք համայնքում չի մահացել, չի հուղարկավորվել:
ՔԿԱԳ Վարդենիսի տարածքային բաժնը ներկայացնելով հայցադիմումի պատասխան նշել է, որ ՌԴ քաղաքացի Աղաբեկ Գեորգիի Բադալովի մահվան ակտային գրանցումը կատարվել է Վարդենիսի ՔԿԱԳ Տ/Բ-ի կողմից 10.08.2012թ. ակտային գրանցում թիվ 255, տրվել է մահվան վկայական՝ ԱԲ 099191: Տեղեկացնում է, որ Ա.Գ.Բադալովի մահվան ակտային գրանցումը իրականացնելու համար Վարդենիսի ՔԿԱԳ Տ/Բ դիմել է ՀՀ Երևան քաղաքի Անդրանիկի 61շ., բն. 23 բնակիչ Հակոբ Ռուբենի Ռուբենյանը՝ ներկայացնելով իր անձնագիրը, Ա.Գ.Բադալովի ՌԴ անձնագրերը՝ թվով 2 անձնագիր և թիվ 152 մահվան վերաբերյալ բժշկական վկայական, տրված՝ 22.07.2012թ., Մարտունի հիվանդանոց ՊՓԲԸ կողմից: Մահվան վերաբերյալ բժշկական վկայականում նշված էր Ա.Գ.Բադալովի ծննդյան և մահվան տարեթվերը /ծնված 23.05.1945թ. և մահացած 22.07.2012թ./, հաշվառման հասցեն՝ ՌԴ, ք. Մոսկվա, Ակադեմիական փ., ԴՄ Ուլյանովա 32/13: Մահվան վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Սոթքի ճանապարհին:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ մահվան պետական գրանցման հիմք է բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաuտատող uահմանված ձևի փաuտաթուղթը:

Այսպես՝ մահը փաստվում է բժշկի կողմից /inuestigandՋ mortis/, որին հաջորդում է բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից մահվան մաuին բժշկական վկայականի տրամադրումը, ինչը հիմք է հանդիսանում մահվան պետական գրանցման համար: Մահվան մաuին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգը սահմանված է ՀՀ Կառավարության 11.08.2011 թվականի թիվ 1156-Ն որոշմամբ:

Սույն գործով ներկայացված վիճարկվող մահվան մաuին բժշկական վկայականը կնիքված է «Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ կնիքով, մինչդեռ «Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ 20.03.2009թ. վերակազմակերպվել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ և ունի նշված անվանումով կնիք: Այդ փաստը ընդունում է նաև գործով պատասխանող «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ, հետևաբար հաստատված է, որ մահվան մաuին բժշկական վկայականը կնիքված է դեռևս 2009 թվականից անվավեր կնիքով:

Բացի այդ, պատասխանող «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ փաստում է այն հանգամանքը, որ թիվ 152 մահվան վերաբերյալ բժշկական վկայական իրենց կողմից չի տրվել և հիվանդանոցի հաշվառման մատյանում հաշվառում չի կատարվել, հետևաբար չի պահպանվել ՀՀ Կառավարության 11.08.2011 թվականի թիվ 1156-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգը:

Ըստ ներկայացված վիճարկվող մահվան մաuին բժշկական վկայականի, այն ստորագրվել է դատական բժիշկ Ի.Գևորգյանի կողմից, ով դիակի հերձմամբ մահվան պատճառ է արձանագրել սուր սրտային անբավարարվածությունը, սրտի հիմնական անոթների սուր խանգարումը, սրտամկանի սուր ինֆարկտը:

Պատասխանող ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Գեղարքունիքի մարզի բաժնի դատական բժիշկ Ի.Գևորգյանը իր 14.09.2012թ. թիվ 38 գրությամբ և հայցադիմումի պատասխանում հայտնել է, որ Աղաբեկ Գեորգիի Բադալովի անվամբ անձնավորության դիակ իր կողմից չի հերձվել և մահվան վկայագիր իր կողմից չի տրվել:

Գնահատելով դատական բժիշկի հայտնած դիրքորոշումը, դատարանը գտել է, որ այն համապատաuխանում է գործի հանգամանքներին և փոխկապակցվում է այլ ապացույցների հետ, որոնց համակցության պայմաններում հանգել է այն հետևության, որ վիճարկվող մահվան մաuին բժշկական վկայականում առկա գրառումները և վավերապայմանները չեն համապատասխանում իրականությանը, ուստի չեղյալ է հայտարարել Աղաբեկ Գեորգիի Բադալովի վերաբերյալ ՔԿԱԳ Վարդենիսի տարածքային բաժնում կատարված մահվան ակտային 10.08.2012 թվականի 255 գրառումը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել