«Շատ հետաքրքիր է խանդավառության, նման հետաքրքրասիրության դաշտում աշխատել մարդկանց հետ». Ֆրանցիսկա Զիմոն

Մայիսի 2-3 Երևանում անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Երկօրյա սեմինարը կազմակերպել էին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Iravaban. net-ը զրուցել է IRZ-ի (Միջազգային իրավական համագործակցություն) ծրագրի ղեկավար Ֆրանցիսկա Զիմոնի հետ:
-Ավելի մանրամասն կներկայացնեք Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի նպատակները:
-Հիմնադրամը կազմավորվել է 1992 թվականին: Մենք լիազորվել ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու գործընկեր այն երկրներին, որ իրենց իրավական համակարգը բարեփոխվի: Խորհրդատվություն հիմնականում անում ենք սեմինարների միջոցով, ինչպես նաև խորհրդատվություն ապահովելով այն դեպքերում, երբ իրավական կամ օրենսդրական նոր ակտեր են ընդունվում: Մենք փորձագետներ ենք ուղարկում համապատասխան երկիր, որ իր աջակցությունը ցուցաբերի, նաև կազմակերպում ենք ուսումնական շրջագայություններ դեպի Գերմանիա: Ամենակարևորն այն է, որ մենք սերտ կապեր ենք պահպանում մեր գործընկեր կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք իրենց կարիքները ճիշտ վեր հանել, համապատասխանեցնենք մեր օժանդակությունն իրենց առկա կարիքներին:
-Սեմինարի ընթացքում նշեցիք, որ IRZ-ը Հայաստանում գործում է 2011 թվականից: Ո˚ր ոլորտներում եք գործունեություն ծավալում:
-Այո, Հայաստանում գործունեություն սկսել ենք ծավալել 2011 թվականից: Պետք է ասեմ, որ սկսել ենք համագործակցել մի շարք կազմակերպությունների, գերատեսչությունների հետ, այդ թվում` Վճռաբեկ դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության շրջանակներում ձևավորված կառույցների: Մեր նպատակն է եղել իրավական ոլորտում որոշակի բարեփոխումների հասնել, և այդ նպատակով կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, օրինակ, եղել է ուսումնական այցելություն Գերմանիա` հատուկ կազմակերպված նոտարական գրասենյակի աշխատակիցների համար, ինչպես նաև արխիվացման ավելի ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ գիտենք Հայաստանը մտադիր է արդիականացնել այդ համակարգը: Այս տարի ևս կազմակերպել ենք սեմինարներ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի աշխատակիցների համար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ և այլն: Հատկանշական է դատախազների դպրոցի համար մեր կազմակերպած միջոցառումը, որը վերաբերում էր կիբեռհանցագործություններին. դա էլի օրախնդիր է: Կարևորում եմ Վրաստանի հետ համատեղ կազմակերպած մի միջոցառում` համագործակցում էինք տեղի իրավաբանության դպրոցի ներկայացուցիչների հետ, և մեր թիրախներից էր նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումը: Նմանատիպ սեմինար այս տարի էլ ենք կազմակերպելու համագործակցության արդյունքում:
-Կպատմե˚ք Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության ծավալած գործունեության հաջողությունների մասին:
-Իհարկե, այսօրվա դրությամբ մի փոքր դժվար է խոսել հաջողություններից, որովհետև նոր ենք սկսել: Քանի որ արդեն գտնվում ենք այս տարածաշրջանում շատ ուրախ ենք Հայաստանի հետ համագործակցելու համար, մեր համագործակցությունը նաև Վրաստանի հետ է: Որպես հաջողություն կարելի է նշել այն ջանքերը, որոնք ձեռնարկվում են, որպեսզի երկրների միջև ավելի մեծ սերտացում լինի: Հուսով ենք այս տարի էլ և առաջիկա տարիների ընթացքում համագործակցությունը գնալով կծավալվի իր պտուղները բերելով:
Հարկ եմ համարում նշել, որ անցած տարի մենք շահեցինք Եվրոմիության Թույնինգ ծրագիրն (EU Twinning Project) իրականացնելու իրավունքը, որը շուտով կիրականացվի: Այն կապված է Եվրոմիության ընդհանուր օրենսդրության, ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների, իրավաբանական համագործակցության նաև թարգմանչական կենտրոնի կարողությունների զարգացման հարցերին ուղղված խնդիրների բարելավմանը: Ծրագիրը տևելու է երկու տարի. ներգրավված է լինելու նաև լատվիական արդարադատության նախարարությունը:
-Ինչպե˚ս եք պատկերացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համագործակցության հեռանկարները:
-Առաջին միջոցառումը, որ նրանց ներգրավմամբ իրականացվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի վերաբերյալ բավականին հաջող ընթացք ունի: Կարծում եմ` համագործակցությունը գնալով կընդլայնվի, ինչպես նաև հույս ունենք կկարողանանք մոտակա ժամանակներս մեր համագործակցությունը ծավալել կոմերցիոն արբիտրաժին նվիրված հարցերի շուրջ:
– Ինչպիսի˚ն է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ երկօրյա սեմինարից ստացած Ձեր տպավորությունները:
-Ոչ միայն իմ, այլև իմ թիմակիցների`մասնագետների կարծիքով շատ լավ տպավություն ունենք այս միջոցառումից, որովհետև շատ մեծ հետաքրքրություն կա: Ճշգրիտ ձևակերպված և խնդրահարույց հարցեր են հնչեցվում: Շատ հետաքրքիր է խանդավառության, նման հետաքրքրասիրության դաշտում աշխատել մարդկանց հետ:
Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել