Մայրության իրավունքի պաշտպանություն աշխատանքային ոլորտում.

01.11.2011 թ.-ին Կոտայքի ՇՊԱԿ էր այցելել Հրազդան քաղաքի բնակչուհի Տ. Հ.-ն: Քաղաքացու խնդիրը կայանում էր նրանում, որ գործատուի կողմից անհիմն որոշում էր կայացվել իրեն աշխատանքից ազատելու մասին և այն էլ այն դեպքում, երբ ինքը գտնվում է հղիության մեջ: Հուսալքությունից և անտեղյակությունից ելնելով՝ շահառուն չէր պատկերացնում, որ գործին հնարավոր էր լուծում տալ այլ կերպ, քան դատարան դիմելով:
ՇՊԱԿ-ի կողմից գործն ընդունվեց դիտարկման և գործի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ գործատուի կայացրած որոշման օրինականությունը մեղմ ասած վիճելի է, քանզի առկա են Սահմանադրության և ՀՀ այլ օրենքներով սահմանված անձեռնմխելիության երաշխիքներ, որոնցից օգտվում է շահառուն՝ իր սոցիալական և ֆիզիոլոգիական վիճակից ելնելով: Մասնավորապես, համաձայն ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Ի կատարումն նշված դրույթի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու արգելքները, որոնցում առաջնային հիմք է հենց հղիությունը: Սույն պահանջը չի գործում միայն աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում, այն է՝ կազմակերպության լուծարում: Ստացվում է, որ գործատուի կողմից կայացվել է որոշում ոչ իրավաչափ հիմնավորմամբ:  Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով շահառուի կամքին համապատասխան՝ նրան տրամադրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն ու համապատասխան իրավական ակտի դրույթները:
Արդյունքը երկար սպասել չտվեց, և 03.11.2011 թ.-ին շահառուն, կրկին այցելելով գրասենյակ, հայտնեց, որ ստացած տեղեկատվության և խորհրդատվության շնորհիվ ինքը կարողացել է լուծել իր խնդիրը՝ գործատուն ստիպված հետ է կանգնել իր կայացրած որոշումից:
Շահառուի ցանկությամբ վերջինիս անունը և գործատուի անվանումը չի հրապարակվում:

 Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել