Պաշտպանը ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ, որոնք խաղաղ հավաքների ժամանակ կկանխեն մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռևս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ:
Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռևս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները:
Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների և մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից և մարդկանց իրավունքների խախտումներից: Հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել