Անցած շաբաթվա խորհուրդը

«Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ» հայտնի նախադասության շարքն անցող շաբաթ լրացրեցին ևս երկու նոր նախադասություններ՝ «Զորքը բեր առաջ՝ տղերքին ախալքյալակցի բեր առաջ» և «Լավ անելը ըտենց բան ա, հա՞, ըտենց ռազբիրատի ես հանում, հա՞, գնա՞նք խոսանք առանձին…, տենց տոնով էլ չխոսաս…, թեմատ հլը փոխի՛, հավաքի՛ հլը քեզ, չեմ վախացնում, վախացնեմ, կվախենաս..»։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խորհրդական, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, նրանք բոլորն էլ լրիվ ոնց որ խառնել էին սաղ: Երկու դեպքերում էլ լրիվ ոնց որ խառնելու սաղ պատճառը Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացին էր: Ուսանող, ով դասադուլի միջոցով ուզում է իր ձայն իր երկրում լսելի դարձնել, ասել, որ ինքը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որ ինքը լիրավ իրավունք ունի բողոքի տարբերակ ընտրել դասադուլը և դրա ճանապարհին ոչ մի կուսակցական, ԵՊՀ ռեկտորի օգնական իրավունքի չունի իր երկրի ներսում իր վրա «զորք» բերելու, վարչապետի ոչ մի օգնական իրավունք չունի իր դասադուլին խոչընդոտելու մեկ պարզ պատճառով, քանի որ ուսանողների գործողությունները օրինական են:

Իրավմամբ, և´ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, և´ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը և այլ շատ ու շատ կուսակցականներ դուրս են եկել խանգարելու դասադուլավորներին, ցրելու նրանց, որովհետև նրանք վախենում են դասադուլի մասնակիցներից: Վախենում են, քանի որ գիտեն՝ եթե չխոչընդոտեն դասադուլավորներին, ապա գուցե ողջ համալսարանը միանա նրանց, իսկ դա թույլ տալ, իհարկե, չեն կարող:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից ազատելու պահանջներին, դա այդքան էլ հեշտ չէ կուսակցականների համար այն առումով, որ եթե նրան ազատեն աշխատանքից, ապա այդ քայլով կխարխլեն ձևավորված կուսակցականացված միջավայրի հիմքերը: Չէ- որ Գևորգ Մելքոնյանին աշխատանքից ազատելուց հետո այլևս ոչ մի կուսակցական «դոշ չի տա» իր կուսակցության բարի համբավը պաշտպանելու համար, դա այս փուլում բնավ ձեռնտու չէ:

Անկախ նրանից, թե որքան կտևի և ինչպես կավարտվի Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի մի հատվածի պայքարը, փաստ է, որ այսօր այդ նույն բողոքով փողոց դուրս եկած երիտասարդությունը ուժ է, նրանից վախենում են, նրա կարծիքը վաղ թե ուշ պետք է հաշվի առնեն, նրանք իրենց բողոքով պետք է ստեղծեն քաղաքացիական հասարակության, ՀՀ քաղաքացու առջև հաշվետու իշխանություն:

Հ.Գ. Սիրելի ուսանողներ, պատկերացնում եք, թե որքան արդյունավետ կլինի ձեր պայքարն ու առավել մոտ նպատակակետը, եթե մեր երկրում ասենք վաղվանից մարդիկ ավելացնեն -դուլերը՝ գործադուլ, հացադուլ…

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել