«Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է արդարացի դատաքննության իրավունքին». Օտտո Մալլմանն

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մայիսի 2-3 Երևանում կազմակերպել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ սեմինար:

Iravaban. net-ը զրուցել է IRZ-ի (Միջազգային իրավական համագործակցություն) կազմակերպած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ սեմինարի իրավաբան- փորձագետ, դոկտոր Օտտո Մալլմաննի հետ:

-Սեմինարի ժամանակ Ձեր խոսքում նշեցիք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մի քանի անգամ փոխարինել եք Գերմանիայի դատավորին: Ըստ ՄԻԵԴ ստացված դիմումների բովանդակային ընդհանրությունների` մարդու ո˚ր իրավունքներն են ավելի հաճախ խախտվում:

Բողոքների մեծ մասը վերաբերում են կոնվենցիայի 6-րդ հոդվածին, այսինքն` արդարացի դատաքննության իրավունքին: Այդ հոդվածում շատ կարևոր է նաև, որ քաղաքացին իրավունք ունի պահանջելու` իր գործի վերաբերյալ որոշում կայացվի խելամիտ ժամկետներում: Գերմանիայում ընդունվել է օրենք` եթե դատավարությունը ձգձգվում է, ապա յուրաքանչյուր ավելորդ օրվա համար համապատասխան անձը ստանում է 100 եվրո: Բացի դրանից, 6-րդ հոդվածի արդարացի դատաքննության իրավունքի խախտումն առաջացնում է հսկայական պատժամիջոցներ, նույնիսկ քրեական պատասխանատվություն:

-Ո˚ր երկրներն են ավելի շատ դիմում-բողոքներ ուղարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Եթե չեմ սխալվում հսկայական թվով բողոքներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ արևելաեվրոպական երկրներից:

-Փորձի տրամադրման առումով ի˚նչ ակնկալիքներ ունեք այս սեմինարից:

Մենք` արտասահմանից երկու փորձագետներս, հույս ունենք, որ կարող ենք մեր փորձի մասին պատմել ներկաներին: Բայց նաև կարևոր է, թե ինչով են հետաքրքրվում ձեր հայ փաստաբանները, և ինչ են ուզում իրենք ստանալ նման սեմինարից: Ինձ համար դրական է այն, որ ես էլ կարող եմ տեղեկանալ Հայաստանի իրավիճակին, օրենսդրությանը և կարող եմ ինչ-որ բաներ սովորել դրանից:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել