Տղամարդը պետք է համատեղ ապրի՞ կնոջ հետ, որ համարվի երեխայի կենսաբանական հայրը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում էր գտնվում մի գործ, որով կայացված վճռին և դրա հիմքում դրված դատարանի պատճառաբանություններն ծանոթանալով, ցանկացանք ներկայացնել մեր կարծիքը սույն գործի և գործով կայացված վճռի վերաբերյալ:

Նախ ներկայացնենք գործի փաստական հանգամանքների հակիրճ նկարագրությունը:

Հայցվոր Իլոնա Սարկիսյանը հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով հաստատել, որ իր երեխան` 17.11.2009 թվականին ծնված Դավիթ Նազարի Սարկիսյանը սերվել է պատասխանող Նազար Բադալի Փոդրատչյանից և վերջինիցս հօգուտ իրեն բռնագանձել ալիմենտ:

Հայցվորը պնդել է, որ ինքը և պատասխանող Նազար Փոդրատչյանը համագյուղացիներ են: Իրենք սիրել են իրար և որոշել ամուսնանալ: Պարզվել է, որ նրա ծնողները դեմ են իրենց ամուսնությանը, բայց քանի որ պատասխանողը սիրում էր իրեն, նա առաջարկել է ամուսնանալ և իրար հետ համատեղ կյանք վարել Հայաստանից դուրս և այդ նպատակով իրենք համաձայնվել են և 2008 թվականի սեպտեմբեր ամսին միասին մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: 2009 թվականին փետրվար ամսին հայցվորը վերադարձել է Հայաստան, բայց արդեն հղի է եղել:

Պատասխանող Նազար Փոդրատչյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել, որով հայտնել է, որ հայցը անհիմն է և ենթակա մերժման, քանի որ հայցվորը իր հայցադիմումում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինքն ընդհանրապես երբևէ ոչ մի առնչություն չի ունեցել վերջինիս հետ:

Դատարանը, գործի քննության ընթացքում անմիջականորեն հետազոտելով կողմերի ներկայացրած բոլոր ապացույցները, գտել է, որ հայցը պետք է մերժել:

Նշենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի` ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Անդրադառնանք դատարանի մի քանի եզրահանգումներին և օրենքի մեկնաբանություններին` ներկայացնելով դրանց շուրջ մեր տեսակետը:

Այսպես. մեջբերում ենք վճռից.

1. «Դատարանը գտնում է, որ երեխայի հայրությունը որոշելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել երեխայի մոր և վերջինիս` իր երեխայի հայր համարող տղամարդու համատեղ բնակվելը և ընդհանուր տնտեսություն վարելը: Դա պետք է նախորդած լինի երեխայի ծննդին, ընդգրկի երեխայի սաղմնավորման շրջանը և հիմք տա ենթադրելու, որ այդ անձանց միջև եղել են մոտիկ հարաբերություններ, որ նրանք ունեցել են ընտանիք ստեղծելու նպատակ: Կարևոր է նաև, երեխայի մոր և ենթադրվող հոր կողմից որպես հայր երեխայի համատեղ դաստիարակությամբ կամ խնամքով զբաղվելու փաստը»:

Դատարանի վերը նշված եզրահանգումից ստացվում է, որ երեխա ունենալու համար կինը և տղամարդը պարտադիր պետք է միասին բնակվեն, վարեն համատեղ տնտեսություն, ի դեպ, երեխայի ծնողները պետք է միասին ապրեն երեխայի սաղմնավորման հենց սկզբից և ոչ թե երեխայի ծնվելուց հետո, ավելին, որպեսզի տղամարդը համարվի երեխայի հայր, նա պետք է երեխայի մոր հետ ընտանիք ստեղծելու նպատակ հետապնդի և զբաղվի երեխայի դաստիարակությամբ:

Չժխտելով այս ամենի կարևորությունը` պետք է նշել, որ լավ է այն, որ հայրը բնակվում է երեխայի մոր հետ և զբաղվում երեխայի դաստիարակությամբ, բայց միայն դրանով պայմանավորել հոր և երեխայի կենսաբանական կապը, ուղղակի անհեթեթ է:

Վճռի պատճառաբանական մասից մեկ այլ մեջբերում.

2. «Դատարանի նշանակած գենետիկական փորձաքննությանը պատասխանող Նազար Փոդրատչյանը հրաժարվել է ներկայանալ: Նրա ներկայացուցիչ Նաիրա Պետրոսյանը միջնորդել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի հիման վրա դադարեցնել նշանակված գենետիկական փորձաքննության կատարումը: Դատարանը, նկատի առնելով, որ նման պայմաններում դրա կատարումը հնարավոր չէ, այն դադարեցրել է:

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն` մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:

Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ իրավասու չէ առանց պատասխանող Նազար Փոդրատչյանի համաձայնության նրան ենթարկել գենետիկական փորձաքննության »:

Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Կարծում ենք, անժխտելի է, որ երեխայի սերման փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան գենետիկական փորձաքննությամբ, և այլ ապացույցներ ուղղակի հնարավոր չէ ներկայացնել:

Իսկ ինչ վերաբերում է դատարանի այն հիմնավորմանը, որ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի, ապա պետք է նշել, որ սա այդ դեպքը չէ, և անձը այս պարագայում չի ենթարկվում ինչ-որ փորձերի, այլ անհրաժեշտ փորձաքննության արդյունքում հաստատվում կամ ժխտվում է հայցվորի վկայակոչած փաստը:
Դատարանը մեջբերել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ հոդվածները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վերը նշված իրավական նորմերը, անշուշտ, պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր գործով վճիռ կայացնելիս, բայց անհասկանալի է, թե դատարանն ինչպես է դրանք կիրառել. պատասխանողը ժխտել է երեխայի հետ որևէ կապ ունենալու հանգամանքը, բայց փոխարենը չի ներկայացել փորձաքննության` ապացուցելու համար իր վկայակոչած փաստերը, իսկ հայցվորը պնդել է, որ երեխայի հայրը հանդիսանում է պատասխանողը և ի հավաստումն իր վկայակոչած փաստերի` տվել է իր համաձայնությունը` գենետիկական փորձաքննության կատարման վերաբերյալ:

Ստացվում է, որ դատարանը վերը նշված հոդվածները միայն հայցվորի մասով է կիրառել, այն էլ սխալ, մինչդեռ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ, այսինքն և′ հայցվորը, և ′ պատասխանողը պետք է ապացուցեն իրենց վկայակոչած փաստերը:

Սույն գործն այժմ գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել