ԱՄՆ 10 հիմարագույն հանցագործները


 

Պատժվում է ոչ թե հանցագործությունը, այլ հիմարությունը:

Մարգարիտա Նավառացի

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

 Հանցագործը չունի քաղաքացիություն, պնդում են Ռուսաստանի Դաշնության իրավապաշտպանները և ԶԼՄ-ները: Չփորձելով կասկածի տակ դնել այդ միտքը, միայն նշեմ, որ հանցագորությունների և հանցագործների թիվը աշխարհում տարեցտարի աճում է: Զարմացնում է նաև այն, որ աշխարհի թիվ մեկ տնտեսություն ունեցող և ամենահարուստ պետություն համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգները կատարվող հանցագործություների և բանտերում պատիժ կրող հանցագործների թվով աշխարհում վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը: Համաձայն վիճակագրության յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ ամերիկյան ոստիկանությունը ստանում է ահազանգ կատարված գողության և 39 վայրկյանը մեկ  կողոպուտի մասին: Ի՞նչու է այդպես: Այս հարցի պատասխանը թողնելով նմանատիպ ուսումնասիրություններ կատարող գիտնականներին, առաջարկում եմ ուղղակի զվարճանալ ԱՄՆ որոշ հանցագործների հիմարության վրա:  

Գոյություն ունի միայն երկու անսահմանություն. տիեզերքը և հիմարությունը:

Չնայած տիեզերքի առումով ես հաստատապես համոզված չեմ:

Ալբերտ Այնշտայն  

10. Սկաուտների հավաքին մասնակցող երեխայի մայրը ամբոխի մեջ կանգնած դիտում էր թմրամիջոցներ գտնելու համար վարժեցված շան ցուցադրական ներկայացումը: Նա այնքան էր տարվել, որ մոռացել էր իր պայուսակում գտնվող թմրամիջոցով լի տոպրակի մասին: Շունը` գտնելով թմրամիջոցը, ապացուցեց իր մասնագիտական համապատասխանությունը, իսկ կինը հայտնվեց կալանքի տակ:

9. Ֆորեսթ Քելլի Բիսոնեթը փողերը իրեն հանձնելու պահանջով գրությունը բանկի գանձապահին փոխանցելու միջոցով Կոլորադոյում բանկ էր կողոպտել: Ցրված հանցագործի մտքով նույնիսկ չի անցել, որ պահանջը գրել է իրեն պատկանող չեկերից մեկին: Չեկի միջոցով ոստիկանությունը առանց մեծ դժվարության գտավ 27-ամյա կողոպտչին:

8. Ոստիկանությունը ստացավ ավտոմեքենա հափշտակելու մասին դիմում: Տուժող կինը հայտնեց, որ հափշտակել են ոչ միայն ավտոմեքենան, այլ նաև ավտոմեքենայում մոռացված բջջային հեռախոսը: Ոստիկանը անմիջապես զանգահարելով կնոջ հեռախոսահամարին հանցագործին ասաց, որ թերթում տեսել է մեքենան վաճառելու մասին հայտարարություն և ուղղակի տենչում է գնել այն:

Հանցագործը, չհավտալով իր հաջողությանը նշանակեց հանդիպում, որից հետո հայտնվեց բանտում:  

 7. Մինեսոտա նահանգի 23-ամյա բնակիչը Հյուսիսային Դակոտայում գտնվող Զարգացման համալսարանից գողացել էր ոսկերչական խանութի կողմից նվիրաբերված ադամանդներով ականջօղերը: Մի քանի ամիս անց գողոնի արժեքը իմանալու համար հանցագործը ուղևորվում է ոսկերչական խանութ: Խանութի սեփականատերը միանգամից ճանաչում է իր կողմից նվիրաբերված ականջօղերը և ոստիկանություն է զանգահարում: Երբ հանցագործը ձերբակալվում է, ոսկերիչը հայտնում է, որ ականջողերը նվիրաբերել է համալսարանին հենց այդ տուփով, ինչպես նաև անմիջապես նշում է ականջողերի իրական արժեքը, որը նշված էր տուփի վրա առկա գնապիտակին` 4500 ԱՄՆ դոլար:

6. Ոստիկանները հետաքրքրասեր երեխաների համար անց էին կացնում պարեկային մեքենայում տեղադրված նորագույն համակարգչի աշխատանքի ցուցադրություն: Կողքով անցնող մի երիտասարդ հետաքրքրվում և խնդրում է, որ իրեն էլ բացատրեն համակարգչի աշխատելու սկզբունքը: Ցուցադրությունը ավելի առարկայական դարձնելու համար ոստիկանը վերցնում է երիտասարդի վարորդական իրավունքը և մուտքագրում տվյալները համակարգիչ: Մի քանի վայրկյան անց ձեռնաշղթաները փակվում են երիտասարդի ձեռքերի վրա: Երիտասարդը փնտրվում էր մի քանի տարի առաջ կատարված զինված կողոպուտի համար:

 5. Մի երիտասարդ տղա որոշեց կողոպտել մի փոքրիկ խանութ: Սպառնալով հրացանով, տղան ստիպեց վաճառողին տալ իրեն դրամարկղի պարունակությունը: Նա արդեն պատրաստվում էր դուրս գալ խանութից, երբ տեսավ վիսկիի մեծ շիշ, որը պահանջեց վաճառողից, սակայն ի զարմանս իրեն ստացավ կտրուկ մերժում, քանի որ վերջինս կասկած հայտնեց կողոպտիչի 21 տարին լրացած լինելու վերաբերյալ: Խոսքով վաճառողին համոզելու կողոպտիչի բոլոր փորձերը ձախողվեցին և նա ցուցադրեց անհավատին իր վարորդական իրավունի վկայականը, որից հետո ստացավ ցանկալի վիսկիի շիշը և ուրախությամբ հեռացավ:

Սակայն նա երկար չէր վայելում կողոպուտի արդյունքում ստացած բարիքները, քանի որ վաճառողը հայտնել էր նրա անունը և հասցեն ոստիկանությանը և կողոպտիչը երկու ժամ անց արդեն ձեռբակալված էր:

 4. Մեկ այլ դատավորություն զինված կողոպուտի վերաբերյալ: Կասկածյալը` Դ. Նյուտոնը, դժգոհ լինելով փաստաբանի կողմից ընտրված պաշտապանության մարտավարությունից, որոշեց անձամբ պաշտպանվել: Նա արդեն շատ մոտ էր սկսածը հաջողությամբ ավարտելուն, երբ հայտնվեց նոր վկա` կին, ով աշխատում էր կասկածյալի կողմից կողոպտված խանութում որպես մենեջեր: Կինը ճանաչեց  Նյուտոնին, վերջինս հասկանալով, որ իր կողմից կառուցված ամբողջ պաշտպանությունը փլուզվում է, սկսեց մեղադրել կնոջը սուտ ցուցմունք տալու մեջ, սակայն մի քիչ չափը անցավ և վերջում հավելեց, որ ինքը այն ժամանակ պետք է ցրիվ տար կնոջ դատարկ գլուխը: Հասկանալով, ինչպիսի սխալ է գործել նա ուղղեց ինքն իրեն, որ, եթե, իհարկե, նա այնտեղ լիներ, սակայն նրա կատակը երդվյալ ատենակալներից ոչ ոք չհասկացավ, և Նյուտոնը դատապարտվեց 30 տարվա ազատազրկման:

 3. Միչիգանի դատարանում թմրամիջոցներ պահելու մասին գործ էր քննվում: Կասկածյալը, պայքարելով իր իրավունքների և ազատության համար, պնդում էր, որ իրեն խուզարկել են առանց համապատասխան որոշման: Դատախազը առարկում էր, որ որևէ որոշում ոստիկանությանը անհրաժեշտ չէր, քանի որ Քրիսթոֆեր Յանսենի բաճկոնը տեսանելիորեն դուրս էր ցցված և առաջացնում էր կասկած, որ դրա տակ թաքցված է ատրճանակ:  

Յանսենը ասաց, որ ինքը այժմ նույն բաճկոնով է և դատավորը կարող է ստուգել այն, որպեսզի համոզվի, որ այդ բաճկոնի մեջ անհնար է ատրճանակ թաքցնել: Դատավորը վերցրեց բաճկոնը և ներքին գրպանում գտավ կոկաինով լի տոպրակ:

Դատավարությունը անհրաժեշտ եղավ հետաձգել, քանի որ դատավորը երկար ժամանակ չէր կարողանում զսպել ծիծաղի պոռթկումը: Բնականաբար, քիչ ուշ, Յանսենը դատապարտվեց:  

 2. Պատրիկ Դառնել Հենթը Շելբի քաղաքից ոստիկանության փոխարեն զանգահարել էր փրկարար ծառայություն և տեղատարափ հայհոյանքներ ուղղել հեռախոսավարուհուն: Հեռախոսավարուհուն որոշ ժամանակ անց հաջողվել է պարզել Հենթի բարկության պատճառը. նրա տանը կատարվել էր գողության և գողացված գույքի մեջ  էր հայտնվել նաև նրան պատկանող 200 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ: Տվյալ տեղեկատվությունը հասավ ոստիկանությանը և թմրամիջոցի տերը ձերբակալվեց: Ոտիկանության բաժանմունքում պարզվեց, որ գողացված էին երեք հեռուստացույց, երեք DVD նվագարկիչ, մոտ 200 գրամ մարիխուանա և սպիտակ լիկյորի մեկ շիշ:

 1. Մի ամերիկացի մտնում է «Bank of America» այն կողոպտելու նպատակով: Ընդ որում, կողոպուտը մտածված էր օրիգինալ եղանակով, սովորական դիմակի և ատրճանակի փոխարեն այդ քաղաքացին «զինվել էր» բանկի բլանկով ու մատիտով և առանց երկար-բարակ մտածելու գրել էր հետևյալը. «Էս կողոպուտ ա: Բոլոր փողերը դիր ցելեֆոնի մեչ»: Բայց մինչև հերթում կանգնած սպասում էր, մտավախությունը, որ գրելու ընթացքում, գուցե, որևէ մեկը կարող էր նկատած լիներ իր գրությունը, սկսեց տանջել նրան: Վերջինս որոշեց չփորձել ճակատագիրը` հեռանալով բանկից: Նա անցավ ճանապարհը և մտավ այլ` «Wells Fargo Bank», որտեղ գանձապահին հանձնեց բլանկ-պահանջագիրը: Գանձապահ աղջիկը խելացի և արագ կողմնորոշվող դուրս եկավ` նայելով ուղղագրությանը, հասկացավ, որ կողոպտիչը ունի մտավոր զարգացվածության ցածր մակարդակ: Աղջիկը բարյացակամ ասաց, որ շատ ուրախ կլիներ կատարել պահանջը, սակայն վերջինս իրենց բլանկի վրա չէ գրված և, որպեսզի գումարը անմիջապես տրամադրվի քաղաքացուն, նա պետք է արտագրի պահանջը իրենց բլանկի վրա: Հանցագործը ոչ միայն հիմար, այլ նաև ալարկոտ դուրս եկավ` վերցրեց բլանկը և հեռացավ բանկից: Աղջիկը ոստիկանություն կանչեց և հանցագործին բռնեցին: Նրան երկար ման գալու անհրաժեշտություն չեղավ, քանի որ նա վերադարձել էր  «Bank of America» և ձերբակալման պահին կանգնած էր հերթում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել