Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ չկա˚ն

Ապրիլի 26-ը մտավոր սեփականության համաշխարհային օրն է: Թեմայի վերաբերյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կառույցի գործառույթները, և մեր երկրում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության վիճակը:

«Գործակալության հիմնական գործառույթը համապատասխան փորձագիտական քննություններից հետո գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների եւ ապրանքանշանների գրանցումն է, իսկ մտավոր սեփականության իրավունքի խախտումների պաշտպանության մասով պարտականություններ չունենք: Մենք կարող ենք միայն խորհրդատվություն տրամադրել տուժող կողմին»,- հայտնեց Ա. Խաչիկյանը:

Մտավոր սեփականության գործակալությունն այս տարվա առաջին եռամսյակում արդեն ստացել է 54 գյուտի գրանցման հայտ: ՀՀ քաղաքացիների օգտակար մոդելներն ու գյուտերն ավելի շատ առողջապահության եւ շինարարության բնագավառներից են:

Բանախոսի խոսքով իրավախախտումներ ավելի հաճախ հանդիպում են արվեստի բնագավառում:

«Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների 90-95 տոկոսը վերաբերում է առանց իրավատիրոջ թույլտվության շրջանառության մեջ դրված ստեղծագործություններին: Խոսքը հատկապես վերաբերում է տեսալսող ապրանքներին: Խանութներում հաճախ վաճառվում են ոչ լիցենզավորված սկավառակներ»,- նշեց Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը:

Iravaban.net-ին իրավաբան Կարեն Քոչարյանի փոխանցմամբ` մտավոր սեփականության իրավունքի խախտումներն այսօր ավելի շատ տեղափոխվել են ինտերնետի դաշտ: «Քանի որ մտավոր սեփականության իրավունքի վերահսկողությունը շատ դժվար է իրականացնել ինտերնետում: Լավ մասնագետների խնդիր ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Չնայած դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի խնդիրն է»,-նշում է իրավաբանը: Ըստ նրա` մեր երկիրը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների` մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար, սակայն վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ դեռ չեն մշակվել:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել