Ինչպե՞ս աշխատել մեկ միլիոն եվրո: Հռոմի Տրևի շատրվանի գաղտնիքները

Գրեթե յուրաքանչյուրին հայտնի է ավազանի մեջ կոպեկ գցելու՝ որպես տվյալ վայր կրկին վերադառնալու սովորությունը: Շատ մետաղադրամներ այս գեղեցիկ սովորույթի արդյունքում այդպես էլ անհետանում են ծովի հատակում, իսկ որոշները, ի զարմանս մեզ, գնում են ինչ-որ մեկի բյուջե: Օրինակ, Սանկտ-Պետերբուրգի «Չիժիկ-Պիժիկի» հուշարձանի շուրջ ողջ օրվա ընթացքում հերթապահում են 10-15 տարեկան երեխաներ՝ պարանները ձեռքներին, ընդ որում պարանների ծայրին ամրակալած են մեծ մագնիսներ: Եվ հետաքրքրականն այն է, որ նրանք ոչ մեկից չեն թաքնվում, և հանգիստ զբաղվում է մետաղադրամների «ձկնորսությամբ»: Սակայն դա ամենևին էլ չի շփոթեցնում զբոսաշրջիկներին, և նրանք, այնուամենայնիվ, շարունակում են կոպեկներ նետել ավազանի մեջ:

Յուրօրինակ և ինքնատիպ շատրվան է գտնվում Հռոմի հենց սրտում, որը ոչ միայն երիտասարդների, այլև գրեթե բոլոր զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է գտնվում: Տրևի շատրվան: Այստեղ ավելի շատ սիրում են այցելել երեկոյան ժամերին, քանի որ գիշերային լուսավորության մեջ ողջ համալիրն էլ ավելի շքեղ և հիասքանչ է երևում:

Հնարավոր է հռոմեական այս շատրվանն ամենևին էլ ամենագեղեցիկը չէ, սակայն, անվիճելիորեն, ամենահայտնին է: Իր յուրօրինակ մարմնացումը, կոմպոզիցիայի ինքնատիպ կազմը, ֆիգուրների ներդաշնակ գեղեցկությունը այս շատրվանը դարձնում են ճարտարապետական իրական գլուխգործոց: Այս նախագծի իրականացման համար իրենց մասնակցությունն են ունեցել  այնպիսի հայտնի ճարտարապետներ, ինչպիսին են Պիերտո դա Կորտոնան, Բերնինին և Նիկոլե Սալվին: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1751 թվականին:

Շատրվանային համալիրը լի է իմաստային և սիմվոլիկային այլաբանությամբ: Նեպտունի պալատի բարձր գեղեցիկ կամարը ծառայում է որպես դեկորացիա այս ողջ համալիրի համար: Ակամայից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառքը, որը կառավարվում է Նեպտունի ամուր ձեռքով, դուրս է գալիս անմիջապես կամարի տակից: Կառքը ջրից դուրս են բերում ծովային ձիերը, որոնք հայտնի են որպես երկու հակապատկերներ՝ «կրակոտ» և «հանգիստ», որոնք համապատասխանում են իրենց ճարտարապետական լուծումներին: Տրիտոնները, որոնք դուրս են ցցվել ջրից, կարծես թե ուղղություն են ցույց տալիս ձիերին, որոնք վարգով սլանում են ջրի վրայով: Ողջ կոմպոզիցիան ամբողջանում է ժայռապատկերում:

Այս շատրվանի անունը հավանաբար ծագում է Տրևի աղջկա անունից, ում պատկերը կարելի է տեսնել շատրվանի երկորդ շարքում: Ըստ առասպելի՝ այդ աղջիկը հռոմեացի ծարավ զինվորներին ցույց է տվել ջրի աղբյուրը:

Տրևի շատրվանն այն ամենահայտնի շատրվանն է, որի մեջ ընդունված է մետաղադրամ նետել: Մեղադրամը պետք է նետել շատրվանին հակառակ (մեջքով) կանգնելով՝ աջ ձեռքով ձախ ուսի վրայով: Մետաղադրամը նետելու համար անհրաժեշտ է պահպանել արարողության այդ «ոսկե կանոնը»: Սակայն մինչև մետաղադրամ նետելը պետք է հստակ որոշել, թե ի՞նչ երազանք եք ցանկանում, որ իրականություն դարձնի այդ մետաղադրամ-թալիսմանը: Մետաղադրամների քանակն այստեղ ևս իր խորհրդավոր նշանակությունն ունի:

Մեկ մետաղադրամը նետում են, որպեսզի մեկ անգամ ևս վերադառնան Հռոմ, որպեսզի իրականություն դառնա իրենց բաղձալի երազանքը:

Երկու մետաղադրամները, ըստ ավանդույթի, կօգնի հանդիպել իտալացու և ցանկության դեպքում նրան հրավիրել քեզ հյուր:

Իսկ ահա երեք մետաղադրամները երաշխիքն են ամուսնության:

Ամեն տարի Տրևի շատրվանից հանված մետաղադրամներն օգտագործվում են բարեգործական նպատակներով և ամեն տարի այդ գումարների մասին լրատվությունը տեղեկատվություն է հրապարակում, թե որքան է «աշխատել» հռոմեական այս հիասքանչ տեսարժան վայրը:

Ներկայացնեմ վերջին մի քանի տարվա ընթացքում հավաքված գումարները:

2010թ-ին տարվա վերջում շատրվանից հանել են 838 000 եվրո, 2011թ-ին՝ 951 000 եվրո: Հուշագրավ է, որ արդեն 2012թ-ին ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. միայն կես տարվա՝ առաջին վեց ամսվա ընթացքում հավաքվել է 540 000 եվրո, իսկ մեկ տարում՝ այն գերազանցել է մեկ միլիոն եվրոն: Ամեն օր, հատուկ լիազորված աշխատակիցները, ավազանից դուրս են բերում մոտավորապես 50կգ մետաղադրամ՝ 1-2 հազար եվրո ընդհանուր արժողությամբ:

Մենք՝ հայերս ևս նման գեղեցիկ սովորություն ունենք: Ամեն անգամ այցելելով Գեղարդավանք, որի Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի տակ բխում է, ավանդաբար սուրբ և բուժիչ համարվող, սառնորակ աղբյուրը, մենք անմասն չենք մնում և մեզ մոտ եղած մանր մետաղադրամներից (իհարկե ոչ եվրո) նետում ենք այդ փոքրիկ ջրավազնի մեջ:

Սակայն մենք երբևէ չենք մտածել, թե ի՞նչ են լինում մեր նետած մետաղադրամները, որքան են դրանք կուտակվում մեկ օրվա, անգամ՝ մեկ տարվա ընթացքում, ում կողմից են հավաքվում և ինչի վրա են ծախսվում: Հասկանալի է, որ դրանք չեն կարող համեմատվել Իտալիայի Տրևի շատրվանի մետաղադրամների հետ, բայց և այնպես, կարծում եմ, ավելորդ չէր լինի իմանալ, թե ինչի՞ վրա են դրանք ծախսվում կամ ու՞մ բյուջե են մուտք լինում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել