Բռնադատվածներին տրամադրվող արտոնյալ վարկի տոկոսների մարումը պետության կողմից

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում»։

Ներկայումս Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկված «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի համաձայն`

«Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու իրավունք ունեցող անձանց առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսագումարները փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեից` ՀՀ Կառավարության սահմանած կարգով, եթե այդ վարկերը տրամադրվել են ՀՀ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան:

Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնությունից օգտվում են այն բռնադատվածների առաջին հերթի ժառանգները, ովքեր չեն օգտվել «Բռնադատվածների մասին» օրենքով սահմանված որևէ սոցիալական երաշխիքից»:

Փաստորեն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր է, որ բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տոկոսները վճարի պետությունը, իսկ բռնադատվածների առաջին հերթի ժառանգները վճարեն միայն վարկի մայր գումարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել