Արդյո՞ք անհրաժեշտ է ձեռք բերել նույնականացման քարտ

«Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո (քաղաքացու կենսաչափական տվյալները պարունակող անձնագիր):

Եկեք պարզենք, թե ի՞նչ տվյալներ է ներառում նույնականացման քարտը:

Օրենքի համաձայն` նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

Իսկ ի ՞նչ տվյալներ է պարունակելու կենսաչափական տվյալներով նոր անձնագիրը:

Անձնագրում նշվելու են քաղաքացու ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում, ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, ազգությունը` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

Բացի այդ, անձնագիրն ունենալու է տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառելու է անձի կենսաչափական տվյալները` լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներ, (օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմներ):

Անձնագրում կարող է նշում կատարվել նաև քաղաքացու արյան խմբի և ռեզուսի մասին` առողջապահության մարմինների կողմից քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ:

Անձնագրում, քաղաքացու ցանկությամբ, կարող են ներառվել նաև այլ տեղեկություններ:
Ի դեպ, պետք է իմանալ, որ ի տարբերություն անձնագրի` նույնկանացման քարտը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար, այսինք, այն որևէ իրավաբանական ուժ չունի այլ երկրներում:

Հաշվի առնելով վերը նվածը և համեմատականներ անցկացնելով անձնագրի և նույնականացման քարտի միջև` պարզ է դառնում, որ անձնագիրը եթե ոչ ավելի, ապա գոնե հավասար չափով տեղեկություններ և կենսաչափական տվյալներ է պարունակելու քաղաքացու մասին, ուստի իրավաչափորեն հարց է առաջանում. ի՞նչ ենք անում նույնականացման քարտը, եթե այն անձնագրից ավելի բարձր ուժով օժտված չէ, ավելին, չի կարող օգտագործվել երկրից դուրս:

Կենսաչափական տվյալներով անձնագրի անհրաժեշտությունը չվիճարկելով (առավել դյուրին է նույնականացնել անձին, պարունակում է անձի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և տվյալներ, ինչը կարող է նպաստել նաև հանցագործությունների բացահայտմանն ու կանխմանը, հանցանքի կատարման մեջ կասկածնող անձի հայտնաբերումը, նման անձնագիրը դժվար է կեղծել և այլն…)` պետք է նշել, որ ուղղակի անհասկանալի է դառնում նույնականացման քարտի անհրաժեշտությունը:

Ավելին, նման քարտ ձեռք բերելը կապված է ծախսերի հետ, ինչը, կարծում ենք, ներկայումս, արդարացված չէ:

Հ.Գ. Նշենք, որ առայժմ նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներով անձնագիր ձեռք բերելը պարտադիր չէ, և կախված է անձի ցանկությունից:

Գոհար Կոստանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել