Նորություններ

Հեռուստատեսության բացասական ազդեցությունը և այդ ոլորտի բարձիթողի վիճակը

Հեռուստատեսությունը և ռադիոն հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության տարածման աղբյուր, այլ նաև անձանց կենսակերպի, աշխարհայացքի, մշակութային արժեքների ձևավորման հիմնական գործոնը: Այդ առումով այն կարող է ծառայել որպես հզոր զենք ինչպես դրական արժեքներ սերմանելու, հայրենասիրական արժեքները գովաբանելու, այնպես էլ բացասական արժեքներ տարածելու, անտարբերություն և բռնություն քարոզելու, այլասերվածություն սերմանելու և բազմաթիվ այլ նկատառումներով:

Վերոգրյալի հաշվառմամբ չափազանց արդիական և կարևոր է նշված ոլորտի հստակ օրենսդրական կանոնակարգումը, համապատասխան ոլորտը պատշաճորեն կանոնակարգող իրավասու մարմնի ստեղծումը՝ օժտելով բավարար լիազորություններով և խախտումների համար հիմնավորված և համարժեք պատասխանատվության նախատեսումը:

Համաձայն «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-97 օրենք, ընդունվել է 09.10.2000թ.-ին) 22-րդ հոդվածի՝ արգելվում է պոռնկագրություն տարածելը, բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելը: Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:

Այսինքն օրենքում հստակ նշված է, որ պետք է օրենքի մակարդակով առկա լինեն չափորոշիչներ, որոնք թույլ կտան որոշելու անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման ու դաստիարակության վրա ազդեցություն ունեցող հաղորդումները և կանխարգելելու դրանց հեռարձակումը անչափահասների շրջանում:

Ի հակադրություն օրենքի պահանջի, նշված չափորոշիչները ընդունվել են օրենքի ընդունումից 10 տարի հետո, այն էլ ոչ թե օրենքի մակարդակով, ինչպես պահանջում էր «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, այլ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի  15.02.2010թ. –ի թիվ 1-Ն որոշմամբ (գերատեսչական ակտ): Այսինքն պետք է փաստել, որ շուրջ 10 տարի բարձիթողի վիճակում է եղել նշված ոլորտը, ինչը չի կարելի ողջունելի համարել առաջին հերթին հենց օրենսդրի համար, իսկ դրանից հետո այն ընդունվել է օրենքի պահանաջների խախտմամբ: Եթե սրան հավելելու լինենք այն, որ  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի  15.02.2010թ. –ի թիվ 1-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները մեծ մասամբ գնահատողական չափորոշիչներով արտահայտված ձևակերպումներ են պարունակում, ապա դա կամբողջացնի առանց այդ էլ «ոչ բարվոք վիճակը»:

Հարկ է նշել նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված չեն վարչական տուգանքներ, հեռուսատատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենսդրության պահանջները խախտող սուբյեկտների նկատմամբ, ինչը էլ ավելի անկառավարելի է դարձնում հեռուսատատեսության ոլորտում տիրող քաոսային և բարձիթողի վիճակը:

Նշված խնդիրը կանոնակարգելու նպատակով կարծում եմ հնարավորինս արագ պետք է ձեռնարկվեն հետևյալ քայլերը և միջոցառումները.

  1. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով կամ գիտահետազոտական կենտրոն, որն ամենօրյա ուսումնասիրության կենթարկի հեռուսատատեսային ոլորտը և կվերհանի ու հանձնաժողովին կներկայացնի այն հեռուսատաընկերությունների ցանկը, որոնք խախտել են ոլորտի օրենսդրության պահանջները: Հատուկ հանձնաժողովի կազմում անհրաժեշտ է ընդգրկել ոլորտին առնչվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և այլ մասնագետների:
  2. Օրենքի մակարդակով հնարավորինս սպառիչ կանոնակարգել ոլորտը, ինչպես նաև խստացված պատասխանատվություն նախատեսել համապատասխան չափորոշիչները խախտող հեռուստաընկերությունների նկատմամբ՝ բարձրացված տուգանքներից մինչև լիցենզիայի կասեցում կամ զրկում:
  3. Ոլորտը վերահսկելու ուղղությամբ բարձրացնել հասարակության ներգրավվածությունը այդ ուղղությամբ՝ ստեղծելով համապատասխան ոլորտի ուսումնասիրություններ անցկացնող հասարակական կազմակերպություններ, հրապարակելով չափորոշիչները խախտող հեռուսաընկերությունների «սև ցուցակներ» և այլն:
  4. Հանրային լայն շրջանակներում տարածման ենթակա հեռուստահաղորդումներ ստեղծելիս հատուկ հանձնաժողովին ուղարկել դրանք՝ ստանալու համապատասխան եզրակացություն չափորոշիչների պահպանվածության վերաբերյալ:

 

Հեռուստաընկերությունների իրավունքի և անչափահասների և հանրության իրավունքների հակադրման արդյունքում անկասկած գերակայությունը պետք է տրվի վերջիններիս իրավունքներին, քանզի անչափահասների ճիշտ դաստիրակությունը և նրանց մատուցվող հեռուսատահաղորդումների որակը վեր են բոլոր արժեքներից այն պարզ պատճառով, որ դեռահասներն ու պատանիներն են հանդիսանում մեր ազգի ապագան կերտողները…. 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել