Ռոմանի սեքսուալ բնույթի «սխրագործության» հետևանքը. 6 ամիս ազատազրկում`անչափահաս Գայանեի հետ սեռական հարաբերության համար

Այսօր՝ փետրվարի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արարատ  Պետրոսյանի նախագահությամբ` շարունակվեց  Ռոման Զ.-ի կողմից ներկայացված  վերաքննիչ   բողոքի  քննությունը:

Հիշեցնենք որ Ռոման Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի սկզբներին անչափահաս Գայանե Հ.-ի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով քրեական գործը վճռել է` ամբաստանյալ Ռոման Զ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) և այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: 

Ռոման Զ.-ի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որով ամբաստանյալը քրեական և զինվորական վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ռոման Զ.-ի (ՀՀ քր. օր. 141 հոդ. -ազատազրկում 6 ամիս ժամկետով) վերաբերյալ 28.11.2012թ. դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք կամ ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: 

Այսօրվա դատական նիստին   ներկայացել  էին ամբաստանյալը, տուժողը  և  տուժողի  ներկայացուցիչը, մեղադրողը  չէր  ներկայացել: Սակայն նախագահող  դատավորը, լսելով կողմերի  կարծիքը,  որոշեց  առանց  մեղադրողի ներկայության անցկացնել դատաքննությունը, քանի  որ նախորդ դատական  նիստին մեղադրողն  իր  դիրքորոշումը հայտնել էր վերաքննիչ  բողոքի վերաբերյալ:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը մեկ անգամ հետաձգվել էր տուժողի և իր օրինական ներկայացուցիչի՝ մոր միջև եղած տարաձայնությունների և վերջնական դիրքորոշում չունենալու առիթով: Այն է որ՝ նախորդ նիստում տուժող Գայանե Հ.-ն հայտնել էր, որ ներել է և ուզում է հաշտվել ամբաստանյալի, հետ ինչին դեմ էր, վերջինիս օրինական ներկայացուցիչը: Սակայն այսօր տուժող Գայանե Հ.-ն հայտնեց դատարանին, որ փոխել է իր դիրքորոշումը և պահանջեց, որ ամբաստանյալ Ռոման Զ.-ն ենթարկվի  քրեական պատասխանատվության և պատիժը  կրի ազատազրկման ձևով:

Դատարանը, կողմերին լսելուց  հետո, հեռացավ   խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը  որոշեց, ամբաստանյալ Ռոման Զ.-ի վերաքննիչ  բողոքը մերժել և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ:

Իրավաբան.netը նախկինում անդրադարձել է այս գործին, որի վերաբերյալ առաջարկում ենք կարդալ Սեռական հարաբերություն էր ունեցել անչափահասի հետ և Ռոմանի սեքսուալ բնույթի «սխրագործությունը». տուժողը անչափահաս Գայանեն է հոդվածները:

Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել