Ֆուտբոլային խաղի ժամանակ ձերբակալել են հարձակվողին՝ ալիմենտ չվճարելու համար

Իսրայելում առաջին լիգայի ֆուտբոլային խաղի ժամանակ ձերբակալել են «Հապոել» ֆուտբոլային ակումբի հարձակվող, խաղի մասնակից 32 ամյա Լիորա Ասուլինային այն բանի համար, որ նա չի վճարել 4000 դոլար ալիմենտ իր նախկին կնոջը:

 

«Հապոել»-ի ղեկավարությունը երկար փորձել է համոզել ոստիկաններին, որ Ասուլինային ձերբակալեն խաղի ավարտից հետո, սակայն ոստիկանները չեն համաձայնվել:

 

Խաղը տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 4-ին և ավարտվել 0:0 հաշվով:

 

Իսկապես, բոլորը հավասար են օրենքի առջև և´ շարքային քաղաքացին, և´ հայտնի սպորտսմենը: Ամեն դեպքում որոշ երկրներում:

 

Մասնավորապես ՀՀ օրենսդրության համաձայն՝ նույնպես հնարավոր է նախկին ամուսնուց պահանջել ալիմենտ հետևյալ դեպքերում:

 

Նշենք, որ նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝

 

ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.

 

բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ զավակին.

 

գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո` մեկ տարվա ընթացքում.

 

դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները տասնհինգ և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ։

 

Ալիմենտի չափը և ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն դա տրամադրելու կարգը կարող է որոշվել նախկին ամուսինների համաձայնությամբ, իսկ ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնուց (նախկին ամուսնուց) դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ամուսինների (նախկին ամուսինների) գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից:

 

Այն ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։

 

 

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով։

 

Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով։

 

Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր և ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաև ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով։

 

Հ.Գ Այնպես որ, խաղադաշտ դուրս գալուց առաջ ոչ ամենուր է, որ անհրաժեշտ է մտածել պարտավորությունների կատարման վերաբերյալ:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել