Ի՞նչ պատճառներով են իրենց լիազորությունների դադարեցման դիմումներ գրել երկու դատավորները՝ ֆիզիկական արատների՞, թե՞ հիվանդությունների

2013 թվականի հունվարի 31-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց. 

1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին հայտարարել նախազգուշացում։ 

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին հայտարարել նախազգուշացում։ 

3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։ 

4. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։ 

Արդարադատության խորհուրդը քննության առնելով նաև ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ, որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` վերջիններիս լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից: 

Այժմ տեղեկացնենք, թե ինչ հիմքեր են դրված ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի լիազորությունների դադարեցման հենքում: 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է Արդարադատության խորհրդի լիազորությունը, ըստ որի առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, որը արվել է ՀՀ արդարադատության խորհրդի կողմից: 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետոը սահմանում է, որ դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը և վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին: Փաստորեն այս ընթացակարգը նույնպես պահպանվել է: 

ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշումը սահմանում է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը: Դրանք են. 

Ֆիզիկական արատներ 

1. Կուրություն

2. Խլություն

3. Համրություն

4. Դժվարալսություն՝ միակողմանի կամ երկկողմանի ցանկացած էթիոլոգիայի լսողության կայուն նվազեցում (շշուկով խոսակցությունը երեք մետրից պակաս հեռավորությունից լսելը) էլեկտրաակուստիկ սարքերի միջոցով 6 մետրից ոչ պակաս հեռավորությունից լսելու մակարդակի հասցնելու հնարավորություն չլինելու դեպքում: 

Հիվանդություններ 

1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ

2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ

3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ

4. Շիզոֆրենիա, շիզոտոպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

5. Տրամադրության խանգարումներ՝ գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ՝ մանիակալ դեպրեսիվ փսիխոզ

6. Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ՝ կապված գերհույզի (սթրեսի) հետ

7. Վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ

8. Անձի և վարքի խանգարումներ՝ հասուն տարիքում

9. Մտավոր հետամնացություն

10. Հոգեբանական զարգացման խանգարումներ

11. Հոգեկան չճշտված խանգարումներ

12. Թմրամոլություն

13. Ալկոհոլամոլություն

14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ՝ պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով

15. Միոպաթիա և միասթենիա

16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա

17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում՝ ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով

18. Գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով (այդ թվում՝ ուռուցքների) առաջացած մնացորդային երևույթներ (հոգեկան խանգարման առկայությամբ)

19. Էպիլեպսիա՝ հաճախակի նոպաների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ

20. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ՝ հավասարակշռության խանգարումով կամ Միներյան համախտանիշի հաճախակի նոպաներով

21. Տուբերկուլոզ՝ բացառությամբ առաջնային ոչ վարակիչ ախտանիշների: 

Ցավալի է, սակայն Արդարադատության խորհուրդը ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել հանրությանը, թե ի՞նչ պատճառներով են իրենց լիազորությունների դադարեցման դիմումներ գրել երկու դատավորները՝ ֆիզիկական արատների՞, թե՞ հիվանդությունների: Ավելին, ո՞ր ֆիզիկական արատների և հիվանդությունների, քանի որ դրանց ցանկը բավականին տպավորիչ է: 

Իրավաբան.net-ը կփորձի վերոհիշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ և դրանք ներկայացնել իր ընթերցողներին:

Աղբյուր՝ Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել