Անցած ժամանակի համար վճարվո՞ւմ է արդյոք ալիմենտ

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

 

Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում:

 

Եթե կատարողական թերթի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ապա ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար` անկախ վերը սահմանված եռամյա ժամկետից:

 

Ալիմենտային պարտքի չափը որոշում է դատական ակտերի հարկադիր կատարողը՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից:

 

Երեխաների համար վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել։ Եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից։ Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, ապա կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից, որոշում է ալիմենտային պարտքը` կայուն դրամական գումարով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել