Ի վերջո դատարանի ո՞ր որոշումներն են ենթակա բողոքարկման վերաքննության կարգով

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը(միջանկյալ դատական ակտ), կայացվում է որոշման ձևով:

 

Նույն հոդվածի 11 կետի համաձայն` այն որոշումները, որոնք քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով, իսկ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, կայացվում են առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Այդ որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:

 

Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձևակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ առանձին ակտի ձևով կայացված որոշումը` ընդունման պահից:

 

Առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

 

«Վերը նշված հոդվածների վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշումները պարտադիր ենթկա են բողոքարկման, քանզի դա ուղղակիորեն սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 11 կետով» ,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ խնդիրը դրանով չի լուծովում, քանզի նույն օրենսգիրքը միաժամանակ սահմանում է, որ ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

 

Նշվածից էլ հետևում է, որ որոշումը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, երբ դա կոնկրետ նախատեսված է համապատասխան հոդվածով:

 

Այս առումով որոշոկի հետաքրքրություն է ներկայացնում դատարանի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը:

 

Ինչպես գիտենք, դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

 

Դատարանը, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատավարության կողմից ներկայացրած միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:

 

Նշենք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, ավելին, դրա հիման վրա դատարանը տալիս է կատարողական թերթ:

 

Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ի՞նչ է ստացվում, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, ուրեմն այն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 11 կետի ուժով, ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:

 

Մինչդեռ իրավաբանի խոսքով` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հոդվածով նախատեսված չէ, որ տվյալ որոշումը ենթակա է բողոքարկման, և իրականում նշված որոշումը չի էլ կարող բողոքարկվել, քանզի հայցը ապահովելու դատարանի գործառույթը կկորցնի իր նշանակությունը:

 

Կողմը, որի գույքի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրվել, իրավասու է միայն պատճառաբանված միջնորդություն ներկայացնել նույն դատարան (ընդհանուր իրավասության առաջին ատյանի)` հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու կամ ձևափոխելու մասին:

 

«Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների միջև առկա է հակասություն, որը պետք է վերացնել` 144-րդ հոդվածի 11 կետում փոփոխություն կատարելով» ,-նշում է իրավաբանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել