Նորություններ

Ինչպե՞ս հաստատել այլ անձի գումար տալու փաստը

Եթե որոշակի գումար ես տվել որևէ մեկին, ապա ինչպես է հավաստվում գործարքի կնքումը և հետագայում այն չվերադարձնելու դեպքում, ինչպես կարելի է ետ պահանջել գումարը:

 

Հարգելի° ընթերցող,

 

Նշենք, որ տվյալ պարագայում մեզ մոտ առկա է փոխառության պայմանագիր: Համաձայն օրենսդրական սահմանման, փոխառության պայմանագրով մի կողմը մյուս կողմի սեփականությանն է հանձնում դրամ կամ այլ գույք, իսկ ստացողը պարտավորվում է վերադարձնել միևնույն չափի գումար կամ գույքի տեսակին և քանակին համապատասխան գույք: Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով: Պայմանագրի կնքման գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անավավերության: Այսինքն, եթե պայմանագիրը կնքվել է բանավոր, ապա գործարք իրականում գոյություն չի ունենա: Իսկ ինչ վերաբերում է պայմանագրի կնքման փաստի հավաստմանը, ապա նշենք, որ պայմանագիրը հաստատվում է գումար ստացողի կամ այլ կերպ ասած փոխառուի տված ստացականով կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթով: Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում պետք է հստակ սահմանվեն տոկոսների չափը: Փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, այսինքն մինչև փոխատուի կողմից այն պահանջելը, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այն մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Եթե փոխառության պայմանագիրը վերոնշյալ հիմքով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամ կամ այլ գույք իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է  չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել