«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

«ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԿՍԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ»

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՅՐԵՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐ»

-Արդարադատության ոլորտում իրականացվելիք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին այսօր հաճախ է խոսվում, ի՞նչ է այն ենթադրում:

 

-Այո, այսօր շատ է խոսվում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, դրանց կարիքն ունեն և դրանց սպասում են մեր երկրի քաղաքացիները: Երկրորդ սերնդի բարեփոխումներ ասելով հիմնականում պետք է հասկանալ երկրի պետական համակարգում կոռուպցիոն ու հովանավորչական ռիսկերի կտրուկ նվազեցում և տնտեսության բնագավառում առողջ մրցակցային միջավայրի ապահովում: Սրանք այն հիմնական և անհապաղ քայլերն են, որոնց իրականացմանը սպասում է մեզանից յուրաքանչյուրը: Երկրորդ սերնդի բարեփոխումների համատեքստում առավել կարևորվում է արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացումը, որտեղ ամենամեծ խնդիրը դատարանների իրական անկախության ապահովումն է: Անկախություն, որի շնորհիվ հնարավոր է արդյունավետ և լիարժեք իրականացնել արդարադատությունը, որն էլ հնարավոր կդարձնի ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` խախտված իրավունքների վերականգնումը: Իրականում այսօր ՀՀ արդարադատության համակարգը խորքային բարեփոխումների կարիք ունի: Բարեփոխումներ, որոնք մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար կբերեն հույս, վստահություն ու հավատ: Իսկ այդպիսի բարեփոխումներին թարմ շունչ և ոգի կարող են հաղորդել միայն նոր սերնդի իրավաբանները, ովքեր ունեն մասնագիտական բարձր որակավորում, բարոյական անխոցելի նկարագիր և համապատասխան կամք` մեր երկրի արդարադատության համակարգի առողջացման նպատակով իրականացնելու անշրջելի բարեփոխումներ: Եվ այս առումով սխալված չենք լինի` կրկին ասելով, որ այսօրվա հրամայականն է Հայաստանում իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումներ և այդ բարեփոխումների իրականացումը սկսել արդարադատության համակարգից:

 

-Այս համատեքստում ինչպիսի՞ բարեփոխումների անհրաժեշտություն ունի փաստաբանական ինստիտուտը:

 

-Այսօր այս ինստիտուտում նույնպես առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: Առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել փաստաբանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Մասնավորապես, փաստաբանական գործունեության: Այս խնդրի լուծման համար որպես առաջին քայլ անհրաժեշտ է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն` հնարավորություն տալով փաստաբաններին և փաստաբանական գործունեությամբ զբաղվող իրավաբանական ընկերություններին` իրենց գործունեությունը հարկել պարզեցված հարկով, տարվա իրացման շրջանառության քսան տոկոսի չափով, ինչպես նաև չսահմանափակելով մատուցված փաստաբանական ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարի չափը: Այս ամենը ներկայումս կիրառվում է խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների գործունեության նկատմամբ, և անհասկանալի է, թե ինչու չպետք է կիրառվի նաև փաստաբանական գործունեության նկատմամբ: Հակառակ պարագայում անհասկանալի է դառնում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված խտրական մոտեցումը:

 

-Ստացվում է, որ օրենսդրական դաշտն այս ոլորտում սողանցքե՞ր ունի:

 

-Օրենքների կատարելագործման առումով բավական աշխատանքներ պետք է իրականացվեն, չնայած, բազային առումով, փաստաբանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում հիմնական լուծումներն արդեն տրված են: Մասնավորապես, 1998-ին ընդունվեց «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը, իսկ 2004-ին այդ օրենքը փոխարինվեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով:

 

-Օրենքներն ընդունվել են, բայց արդյոք դրանք ծառայո՞ւմ են իրենց ճիշտ նպատակին:

-Իմ կարծիքով մեզանում մեծ խզում կա օրինաստեղծ գործունեության և իրավակիրառական պրակտիկայի միջև: Երկրորդ սերնդի բարեփոխումների ողջ տրամաբանությունն էլ պայմանավորված է նրանով, որ երբ առաջին փուլում ձևավորվեց արդարադատության ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ապա երկրորդ փուլում անհրաժեշտ է դրսևորել համապատասխան կամք և անշեղ կիրառել արդեն ընդունված օրենքները: Այս առումով նաև պետք է արձանագրել, որ արդարադատության ոլորտում օրենքները կիրառող մարմինների գործունեության մեջ առկա են բավական մեծ կոռուպցիոն ռիսկեր, որոնք մտահոգելու, խորհելու և երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ընթացքում դրանց կտրուկ նվազեցնելու անհրաժեշտության տեղիք են տալիս:

 

-Իսկ այս առումով ո՞րն է ՀՀ փաստաբանների պալատի հիմնական դերակատարությունը:

 

-Այս առումով կարևորում եմ նաև ՀՀ փաստաբանների պալատի դերը և կարծում եմ, որ այն պետք է լուծի հետևյալ խնդիրները: Առաջին հերթին փաստաբանների պալատը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ` փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման համար, ինչպես նաև զբաղվի փաստաբանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների հարցերով: Երկրորդ, փաստաբանների պալատը պետք է պաշտպանի իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և ոչ պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում դատարաններում: Երրորդ, պետք է զբաղվի փաստաբանների ուսուցման և վերապատրաստման հարցերով` այդ գործառույթը պատվիրակելով նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող կազմակերպություններին: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ փաստաբանների պալատը պետք է կատարի իր ամենօրյա վերահսկողության գործառույթը, որպեսզի իր անդամները չխախտեն փաստաբանի վարքագծի կանոնները: Պալատը կարգապահական հանձնաժողովի միջոցով պարտավոր է ի հայտ բերել փաստաբանների կողմից կատարված խախտումները, իսկ վայ-փաստաբաններին էլ հեռացնել իր շարքերից` նպաստելով որակյալ և բարոյական բարձր նկարագրի տեր փաստաբաններից կազմված ընտանիքի զարգացմանը:

 

-Ձեր կարծիքը հավատարմագրված փաստաբանի և դատարանների կողմից փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաների ինստիտուտների վերաբերյալ:

 

-Փաստաբանությունը գրեթե վերջերս էր ձերբազատվել հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաuտաբանների անհեթեթ և անիմաստ ինստիտուտից, երբ դատաիրավական բարեփոխումների քողի ներքո, այս անգամ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի անվան տակ այն կրկին պարտադրվեց փաստաբաններին: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նույնպես այն հարված էր մեր երկրի շարքային քաղաքացուն, քանի որ նրա համար վճռաբեկ բողոք ներկայացնելն այսուհետև դարձավ գրեթե անմատչելի ու անհասանելի: Հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի ներդրմամբ էականորեն նվազելու է հայրենի արդարադատության իրականացման արդյունավետությունը` մեծացնելով այս ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մակարդակը: Փաստաբանական ինստիտուտի զարգացման ներկա փուլի մյուս խոչընդոտը դատական սանկցիաների ինստիտուտի ներմուծումն էր: Այսուհետև դատավորները օրենքով նախատեսված սանկցիաների միջոցով կզսպեն իրենց վստահորդների և իրենց իրավունքների իրականացման համար մինչև վերջ պայքարող փաստաբաններին, դրանով իսկ նպաստելով «կանխատեսելի և կառավարելի» փաստաբանների որակական մեծամասնություն կազմող տեսակի զարգացմանը: Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը փաստաբանների ուժեղ և հզոր ինստիտուտ ունենալն է` իր պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմով, անձնակազմ, որը կարող է համապատասխան խիզախություն և կամք ցուցաբերել անկախ փաստաբանական ինստիտուտի զարգացման անշրջելիությունն ապահովելու համար:

 

-Ձեր կարծիքով ինչու՞ հասարակությունն այսօր չի վստահում ՀՀ դատարաններին:

 

-Այո, ես համաձայն եմ, որ հասարակությունն այսօր, ցավոք, հայրենի դատարանների նկատմամբ չունի համապատասխան վստահության պաշար: Իհարկե, այս ամենը ձևավորվել է խորհրդային տարիների ընթացքում և իներցիայով շարունակվում է մինչև օրս: ՈՒ նաև միանշանակ է, որ առանց օբյեկտիվ հիմքերի նման վերաբերմունք չէր ձևավորվի մեր հասարակության կողմից: Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրում կարող է ապրել իր համար կենսական դժվար և վատթար պայմաններում միայն այն դեպքում, երբ համոզված է, որ դրանք անցողիկ են` իր մտքում ունենալով այն վեհ արժեքներն ու գաղափարները, որոնց համար կրում է ժամանակավոր այդ դժվարությունները: Քաղաքացին, ապրելով վատ պայմաններում, պետք է համոզված լինի, որ իր հայրենիքում յուրաքանչյուր վայրկյան կարող է գտնել իր արդարությունը: Նույն քաղաքացին չի կարող ապրել արժանապատիվ կենսական պայմաններում, եթե սեփական երկրում չկարողանա տեր կանգնել և պաշտպանել իր սեփական իրավունքները, սատար կանգնել իր ընտանիքի, մտերիմների ու ընկերների խախտված իրավունքների օրինական վերականգնմանը: Այս պարագայում քաղաքացին իրեն կզգա լքված, անպիտան իր հայրենի բնօրրանում, և նույնիսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը, նյութական ու բարոյական վնասների հատուցումը ոչ մի դեպքում չեն կարող փոխարինել այն արդարության զգացողությանը, որը քաղաքացին կարող էր գտնել սեփական հայրենիքում: Այս առումով և` դատարանները, և` փաստաբանական ընկերությունները, և` իրավապահ մարմինները պետք է դրսևորեն համապատասխան կամք ու ձեռնարկեն գործուն քայլեր հայրենի երկրում արդարություն փնտրող յուրաքանչյուր քաղաքացու հույսն ապահովելու համար: Իսկ եթե վերլուծենք «արդարադատություն» բառը, ապա այն բաղկացած է «արդար» ` հոգևոր բնագավառի և դատ, դատել` իրավական բնագավառի երկու փոխկապակցված տարրերից: Առանց որևէ մեկի առկայության արդարադատության համակարգը չի կարող լինել լիարժեք և արդյունավետ գործող: Յուրաքանչյուր դատավոր պարտավոր է կրել նշված երկու արժեքները: Չմոռանանք, որ հայ միջնադարյան իրավական ակտերում մեր մեծ նախնիների կողմից ամրագրվել են արդարադատության մի շարք սկզբունքներ և սահմանվել են համապատասխան չափանիշեր դատավորի մասնագիտական ու բարոյական նկարագրի վերաբերյալ, որն այսօր նույնպես արդիական է:

 

Այս առումով արդարադատության համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումներն այլընտրանք չունեն: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ կրկնել, որ հասկանալի պատճառներով այդ բարեփոխումները պետք է իրականացնեն նոր սերնդի իրավաբանները, ովքեր դրանց իրականացման համար կցուցաբերեն համապատասխան կամք և վճռականություն` կրողը լինելով մասնագիտական բարձր գիտելիքների ու բարոյական հատկանիշերի: Պարզ է ևս մեկ կարևոր հանգամանք. երկրորդ սերնդի դատաիրավական բարեփոխումների իրականացումը կհանդիպի դատաիրավական ներկայիս համակարգի որոշակի հակազդեցությանը: Հակազդեցություն, որը հեշտ հաղթահարելի է համապատասխան քաղաքական կամքի և հետևողական պայքարի շնորհիվ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել