Նորություններ

Ինչու՞ են կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում դեկտեմբերի 25-ին, իսկ մենք՝ հունվարի 6-ին

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին Նշում է Մեր Փրկիչ Տեր՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան և մկրտության հիշատակումն է: Մարդիկ իրար ողջունում են հետևյալ խոսքերով.

 

«Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ 

ի պատասխան լսելով. 

«Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

 

Ի տարբերություն Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Սակայն քրիստոնեության առաջին 300 տարիներին ավանդույթներն այլ էին:

 

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հին հռոմեացի եպիսկոպոսների ցուցակում, որ թվագրվում է մոտ մ.թ. 336-354թթ, կարելի է հանդիպել հետևյալ խոսքերին. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնվել է Բեթլեհեմում՝ դեկտեմբերի 25-ին»: Փաստորեն, 336թ-ի դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան առաջին արձանագրված տոնակատարությունն է: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր:

 

Եկեղեցու գոյության առաջին տարիներին այնքան էլ կարևորված չէին ծննդյան տարեդարձերը, այդ թվում՝ Քրիստոսի ծնունդի օրը: Սովորաբար Հիսուսի մկրտությանն առավել մեծ տեղ էր հատկացվում, քան ծննդին: Հասկանալի է, որ ոչ ոք հստակ չի կարող իմանալ Քրիստոսի ծննդյան իրական տարեթիվը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ հեթանոսական ավանդույթներ կապվում են Սուրբ Ծննդյան տոնի հետ:

 

Այսօր դժվար է ասել նաև, թե երբ է սկսել գործածվել Սուրբ Ծննդյան եղևնին:  Ենթադրվում է, որ այն ծագել է Գերմանիայից: Ըստ որոշ աղբյուրների՝ 8-րդ դարի անգլիացի միսիոներ Բոնիֆեյսը որոշում է մշտադալար եղևնի կանգնեցնել, որ կխորհրդանշեր Քրիստոսի հավիտենական լինելը: 16-րդ դարի վերջում արդեն դրանք մեծ տարածում են գտնում ողջ Գերմանիայում: Ոմանք էլ ասում են, որ Լյութերն է եղել առաջինը, ով Սուրբ Ծննդյան եղևնի է կտրել:

 

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:

 

Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

 

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուսը ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը Սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

 

Քրիստոսի ծննդյան օրը Սուրբ Պատարագ է մատուցվում նաև քրիստոնեական ամենահայտնի սրբավայրերից մեկի՝ Բեթղեհեմի (Բեթլեհեմի) եկեղեցում: Բեթղեհեմի եկեղեցին ընդհանուր սրբավայր է բոլոր քրիստոնեական եկեղեցիների՝ կաթոլիկների, ուղղափառների, առաքելականների և բողոքականների համար: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է այն վայրում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Հենց եկեղեցին կառուցվել է 1500 տարի առաջ, 200 տարի ավելի վաղ շրջանում կառուցված այլ շինության վրա: Հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բեթղեհեմ՝ Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդավայրում անցկացնելու համար։ Սուրբ Ծննդի երեկոյան արարողությունները Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող այս քաղաքում իրենց գագաթնակետին են հասնում կեսգիշերին։

 

 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

 

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել