Նորություններ

Ի՞նչ պետք է նշվի զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրում

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կարգով նշվում են`
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես նաև ստորագրողի անունը, ազգանունը.

 

2) զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և (կամ) շրջագայության երթուղին.

 

3) զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները.

 

4) ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, որակական ցուցանիշները և ժամկետները, այդ թվում`

 

– տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման և մեկնման նախնական ժամկետները, ժամերը և վայրերը,

 

– ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը,

 

– սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները,

 

– տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայություններ.

 

 

5) զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի (եթե դրանք ներառված չեն գնի մեջ) մանրամասներով, ինչպես նաև պարզ ձևակերպված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել գնի փոփոխման.

 

6) վճարման ձևը և պայմանները.

 

7) զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը (եթե առկա է):

 

Պայմանագրով որոշված զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող փոփոխվել միակողմանիորեն, եթե պայմանագրի մեջ նշված չէ դրա հնարավոր փոփոխման հիմքերի մասին, ընդ որում, գնի աճի դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել այդ աճը, որը կարող է վերաբերել միայն`

 

 

1) տրանսպորտային ծախսերին.

 

2) մաքսային գանձումներին, այն տուրքերին և գանձումներին, որոնք առնչվում են օդանավակայաններին և նավահանգիստներին.

 

3) տարադրամի փոխարժեքին:

 

Պայմանագրում նշված գինը չի կարող աճել մեկնման ժամկետին նախորդող 20 օրվա ժամանակահատվածում:

 

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը զբոսաշրջային խմբի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում զբոսաշրջիկներին զբոսավարով կամ ուղեկցորդով ապահովելիս զբոսավարին կամ ուղեկցորդին պետք է տրամադրի գրավոր հանձնարարական, որտեղ պետք է նշված լինեն զբոսաշրջային ծառայությունների մատուցման վայրը և տևողությունը, ինչպես նաև զբոսաշրջային միջոցառման անցկացման շրջանակներում լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

 

 

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը արտագնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի ժամանման երկրում համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարի առկայությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարներ կամ ուղեկցորդներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել