Առեղծվածային թվագիտությունը. Պարզեք որոնք են ձեր կյանքի լավագույն տարեթվերը

Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը, համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր այն դասում են աստղագուշակության մեթոդների շարքին և կիրառում կյանքի տարբեր ոլորտներում, և շատերն են հետաքրքրված այդ գիտությամբ:

Իսկ ի՞նչ դեր կարող են ունենալ թվերը մեր կյանքում: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է շատ բան իմանալ յուրաքանչյուր մարդու առողջության, բնավորության, ճակատագրի, անգամ մասնագիտության մասին: Աստղագետների պնդմամբ, թվերի նշանակությունը հետևյալում է.

«1» թիվը գտնվում է Արեգակի հովանավորության ներքո և ասոցացվում է սրտի ու որովայնի վերին մասի հետ:

«2»-ը՝ հովանավորում է Լուսին մոլորակը` ասոցացվելով կրծքի, թոքերի, արյան և ուղեղի աջ կիսագնդի հետ:

«3»-ը՝ հովանավորում է Յուպիտեր մոլորակը և այն կապված է կոնքերի ու մարմնի ծայրամասերի հետ:

«4» թիվը գտնվում է Մարս մոլորակի ազդեցության տակ և ասոցացվում է շնչառական օրգանների աջ կողմի հետ:

«5» թիվն ասոցացվում է ձեռքերի, ոսկրերի, վզի և որովայնի ստորին մասի հետ և գտնվում է Մերկուրի մոլորակի ազդեցության տակ:

«6» թիվը կապված է աչքերի, ականջների, քթի, լեզվի, երեսի, մաշկի և սեռական օրգանների հետ, որոնց հովանավորում է Վեներան:

«7» թիվը հովանավորում է Նեպտուն մոլորակը, որն ասոցացվում է ուղեղի, մաշկի և ձախ ոտքի հետ:

«8»-ը՝ կապված է ծնկների, մկանների, շնչառության և իրանի ձախ կողմի հետ և հովանավորվում է Սատուրն մոլորակի կողմից:

«9» թիվը կապված է ձախ ձեռքի, երիկամների, միզապարկի և Ուրան մոլորակի հետ:

Յուրաքանչյուր մարդու առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով պետք է պարզապես գումարել ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` ստացած միավորը վերածելով միանիշ թվի: Օրինակ` եթե ծնվել եք 27/10/1979թ-ին, հարկավոր է կատարել հետևյալ հաշվարկը. 2+7+1+1+9+7+9=36, այնուհետև 3+6=9, այսինքն ձեր առողջության թվաբանական արտահայտությունն արտացոլվում է «9» թվի միջոցով, որին հովանավորում է Ուրանը:

Այս առեղծվածային թվագիտությունը հնարավորություն է տալիս մեզ նաև կազմելու, որքան էլ այն տարօրինակ թվա, մեր կյանքի գրաֆիկը՝ իր վերելքներով և վայրէջքներով:

Ստորև առաջարկում եմ Ձեզ կազմել և համադրել այն Ձեր արդեն իսկ ապրած տարիներին:

Նախ. պետք է ծննդյան օրը և ամիսը բազմապատկել տարեթվով: Բերված օրինակով այն կունենա հետևյալ տեսքը. 2710х1979=5363090, այսինքն 7 նիշից բաղկացած թիվ: Այժմ անհրաժեշտ է կազմել կոորդինատների առանցք, որտեղ «y» առանցքի վրա կբաշխենք 1-9 թվերը, իսկ «х»-ի վրա՝ մինչև 7 նիշ կբաշխենք ծննդյան տարեթվերի հաջորդականությունը՝ սկսած 1979-ից: Առավել պատկերավոր այն ներկայացված է նկարում:

Փաստորեն, ստացված պատկերում որքան բարձր է «y» և «x» առանցքների  հատման կետը, այնքան այդ թվին համընկնող «x» առանցքի տարեթվերը ձեզ համար հաջող են եղել կամ կլինեն, և՝ հակառակը:

Ինչևէ, որքանով է այն ճշմարտացի և հիմնավորված, դժվար է ասել, բայց որ թվերն առեղծվածային են, իրենց մեջ խորհուրդ ունեն և ազդում են մեր ճակատագրի վրա, փաստում են աստղագետները:

Սակայն արժէ մի բան հիշել, որ թվագիտությունը ևս համարվում է գուշակության մի տեսակ: Ուստի յուրաքանչյուրիս ընտրությունից է ընդունել այն լուրջ, թե՝ մակերեսային:

Աղբյուրը՝ իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել