Ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնական անձանց եկամուտների հայտարարագիրը ստանալուց հետո կատարում է երկու տեսակի վերլուծություն`տեխնիկական և բովանդակային: Առաջինը` բացթողումների շտկմանն է ուղղված, երկրորդը` անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ ստանալուն, եթե եկամուտների հայտարարագիրը կասկած է առաջացնում: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանի խոսքով` հանձնաժողովի ստեղծումից հետո ավելի քան 100 պարզաբանումներ են պահանջել այդ անձանցից իրենց եկամուտների օրինականության վերաբերյալ: Պարզվում է` մինչ օրս ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվել եկամուտները թաքցնելու համար:

 

 

«Վարույթը կարող սկսվել միայն այն դեպքում, երբ որ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը թաքցներ է եկամուտը կամ գույքը, բայց երբեմն դա տեղի է ունենում մեխանիկական սխալի հետևանքով, երբեմն տեղի է ունենում բովանդակային սխալի հետևանքով, երբ որ հայտարարագրի այլ բաժնում են լրացնում մեկ այլ բաժնում լրացման ենթական տվյալները»,- ասաց Արտակ Սարգսյանը:

 

 

Այսօր հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանն ու Արտակ Սարգսյանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման նպատակներն ու գործառույթները:

 

 

«Առաջին նպատակը կոռուպցիայի կանխարգելումն էր: Երկրորդը նպատակը հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության ընդլայնումն է: Բնականաբար, այս հանձնաժողովը նպատակ չունի փոխարինելու դատախազությանը կամ ոստիկանությանը: Այս հանձնաժողովի նպատակն է հասարակության նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքի և վստահության ամրապնդումը: Հաջորդը` հասարակության համար առավել թափանցիկ և հրապարակային դարձնել նրանց գործունեությունը»,- հատնեց Արմեն Խուդավերդյանը:

 

 

Արտակ Սարգսյանը կարևորեց ապօրինի ձեռք բերված գույքի համար քրեական պատասխանատվություն սահմանելը, սակայն նրա կարծիքով` այս դեպքը համալիր մոտեցում է պահանջելու. «Եթե չլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր, ապա շատ դժվար է ապացուցել, թե ինչ է իրենից ներկայացնում ապօրինի հարստացումը: Ապօրինի հարստացման քրեականացումը հիմնականում այն երկրներում կարող է կատարվել, որտեղ գույքի և եկամուտների հայտարարագրումը ընդհանուր է բնակչության համար»:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել