Այսուհետ հարկ վճարողները կարող են վճարումները կատարել «ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում

Դեկտեմբերի 6-ի նիստում ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ միջև համագործակցության պայմանագիր կնքելու` պետական եկամուտների կոմիտեի առաջարկը, համաձայն որի «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, ուր կաշխատեն ՊԵԿ ներկայացուցիչներ:

 

 

ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստ»- ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից:

 

 

Հիշեցնենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանր առևտրային ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստ ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

 

 

Լուսանկարը՝ www.haypost.amի

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել