Ինչքա ՞ն կարող է լինել պատժի չափը հանցանքների համակցությամն դեպքում

Պատիժը կարող է նշանակվել ինչպես հանցանքների, այնպես էլ դատավճիռների համակցությամբ:

 

Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

 

Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:

 

Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:

 

Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:

 

Հանցանքների համակցությամբ նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:

 

Պատիժը նշանակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել