Անցումային արդարադատություն. Հայաստանում իրականացնելու անհրաժեշտությունն ու մեխանիզմները

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունենացավ քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:

Արարատ Միրզոյանը

Համաժողովին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այս թեմայով միջոցառման կազմակերպման համար, քանի որ անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանին:  Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու.

«Պիտի լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման բաներ, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով», – ասաց Ա. Միրզոյանը:

Պիոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Եվրամիությունն աշխարհում, թերևս, ամենամեծ ֆինանսական աջակցություն տրամադրողն է անցումային արդարադատության իրականացման ոլորտում: Սակայն պետություններն իրենք պետք է որոշեն, թե այն ինչպես և երբ  պետք է իրականացնեն, և  ոչ ոք, նույնիսկ բարեկամ պետությունները չպետք է միջամտեն.

«Մենք չենք փորձի որևէ խորհրդով միջամտել, թե ինչպես պետք է անցումային արդարադատությունն իրականացվի Հայաստանում… Գործընթացի թափանցիկ և համապարփակ լինելը էական է, հակառակ դեպքում անցումային արդարադատության բոլոր ջանքերը կհանգեցնեն ընտրողական արդարադատության: Ես  կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար»,- ասաց Պիոտր Անտոնի Սվիտալսկին:

«Մենք, որպես հանձնառու ծրագիր և կազմակերպություն, ստանձնեցինք այս համաժողովն իրականացնել՝ ներգրավելով Հայաստանի անկախ և ուժեղ փորձագիտական ներուժը: Անցումային արդարադատության վերաբերյալ մեծ ուսումնասիրություն ենք իրականացրել, շուրջ 35 երկրի փորձ է ուսումնասիրվել՝ և ձախողված, և հաջողված», – ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Կարեն Զադոյան

Նա նշեց, որ միջազգային փորձից նախևառաջ պետք է քաղել այն դասերը, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի անցումային արդարադատություն անցկացման մասին, դրա նպատակների և որ կարևորն է, թե ինչ է իր կյանքում փոխվելու այդ գործընթացի իրականացման արդյունքում:

Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն համաժողովի ավարտից հետո՝ համակարգելով բոլոր առաջարկները, որոնք մեծապես կօգնեն կառավարությանն ու քաղաքական ուժերին՝ անցումային արդարադատության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելիս:

Համաժողովին ելույթներ ունեցան ոլորտի լավագույն մասնագետներն ու փորձագետները: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Վարդապետյանը խոսեց ոչ միան անցումային արդարադատության ոլորտում միջազգային փորձի, այլև Հայաստանում այն կիրառելու վերաբերյալ քննարկումների և վիճահարույց հարցերի մասին. մասնավորապես, նրա խոսքով, անցումային արդարադատության կիրարկումը պետք է սկսել իրավական փաստաթղթերի մշակումից, մասնավորապես՝ հայեցակարգից, որը դեռևս չկա:

Աննա Վարդապետյան

Անդրադառնալով այս գործընթացների միջոցով կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ պայքարից, Աննա Վարդապետյանը խոսեց մեղքի ընդունման դիմաց կապիտալի ամնիստիա հայտարարելու մեխանիզմի մասին:

Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրեց անցումային արդարադատության իրականացման վերաբերյալ իր դիրքորոշումը. մասնավորապես, նրա խոսքով, գործընթացի կենտրոնում պետք է լինեն զոհերը և նրանց կարիքները՝ ճշմարտության վերհանման և փոխհատուցմների տրամադրման մասով: Նրա խոսքով, եթե գործընթացի արդյունքում պետությունը չի վերականգնվելու զոհերի խախտված իրավունքները, ապա անցումային արդարադատությունը «անատամ» է: Նրա խոսքով, անցումային արդարադատությունը պետք է իրականացվի Սահմանադրության և միջազգային պարտավորությունների եզրագիծը չհատելով:

Անցումային արդարադատության միջազգային փորձագետ Արման Զրվանդյանը համաժողովին միացավ տեսակապի միջոցով: Նա իր ելույթում ընդգծեց, որ անցումային արդարադատության մի մեխանիզմի կիրառումը չի կարող փոխլրացնել մյուսին: Նա օրինակ բերեց, երբ քրեական արդարադատություն է իրականացվել, սակայն ճշմարտության հանձնաժողովներ չեն ստեղծվել, չի վերհանվել խնդրահարույց դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը և իրականում անցումային արդարադատության գործընթացի իրականացումը հանրության շրջանում դժգոհություն է առաջացրել:

Նիկոլայ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտությունը Հայաստանի համար և դրա թիրախները: Նա ներկայացրեց նաև այս գործընթացում ճշմարտության հանձնաժողովների ստեղծման կարևորության մասին:

Զարուհի Մեջլումյան

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը խոսեց 1991-2016 թվականների ընթացքում դատական սխալների հարցերից: Նա իր ելույթը եզրափակեց այն առաջարկությամբ, որ անցումային արդարադատություն իրականացման շրջանակում պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կվերանայեն արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և հիմնքերի դեպքում դրանց վերաբերյալ գործերը կվերաբացվեն:

Կարապետ Բադալյան

Միջազգային հանրային իրավունքի փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Ղզմալյանն ու փաստաբան Կարապետ Բադալյանն իրենց ելույթներում ներկայացրեցին փոխահատուցման ծրագրերի իրականացման փորձը, դրանց տեսակները ու ինչ դժվարություններ են ունենում պետությունները դրանց իրականացման դեպքում:

Գևորգ Դանիելյանը և Արա Ղզմալյանը

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, խոսելով փոխահատուցման ծրագրերի մասին, կարևորեց դրանց վերաբերյալ նախապես օրենսդրական մեխազնիմների մշակումն ու կազմակերպչական միջոցներ ձեռնարկելը:

Միջազգային և համեմատական սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը նույնպես համաժողովին միացավ տեսակապի միջոցով: Նա, խոսելով անցումային արդարադատության շրջանակում համակարգային բարեփոխումներ՝ լյուստրացիա և վեթթինգ իրականացնելուն, ներկայացրեց կարևոր մի նրբություն: Մասնավորապես, եթե լյուստրացիայի դեպքում խոսքը վերաբերում է կոլեկտիվ մեղքին և կոլեկտիվ պատասխանատվությանը, ապա վեթթինգի դեպքում գործ ունենք անհատական գործերի հետ, հետևաբար, լյուստրացիայի դեպքում կարող է ռիսկ լինել մարդու իրավունքների խախտումների: Նա նշեց նաև, որ վեթթինգ պետք է իրականացնել դատաիրավական համակարգում. այս ոլորտի պաշտոնյաները պետք է մասնագիտական և էթիկական ստուգումներ անցնեն, ինչպեսև նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը պետք է քննության առարկա դառնան:

Արտյոմ Գեղամյանը

Անցումային արդարադատության հարցերով Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի նախկին գիտաշխատող Արտյոմ Գեղամյանը կողմ արտահայտվեց դատաիրավական համակարգում վեթթինգի իրականացմանը և նշեց, որ դրա համար պետք է ստեղծվի վեթթինգային հանձնաժողով, որի գործունեությունը կարգավորող օրենսդրական հիմքեր պետք է մշակվեն: Այս հանձնաժողովը պետք է առաջանորդվի իրավական պատշաճ ընթացակարգով, երաշխավորի անձի անհատական իրավունքների պաշտպանությունը:

Արման Զրվանդյանը և Արմեն Մազմանյանը

Նշենք, որ անցումային արդարադատության մեխանիզմների վերաբերյալ բովանդակ ելույթներ ունեցան նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարիամ Զադոյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ազգային փորձագետներ Նարեկ ենոքյանը, Լուսինե Նալբանդյանը և Արտյոմ Մեսրոպյանը, ովքեր աշխատել են վերոնշյալ զեկույց-հետազոտության վրա

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքում միջազգային փորձից քաղված դասերը, Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և դրան ուղղված առաջարկությունները:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել